Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եթե Ադրբեջանը չխոսի առավելապաշտական դիրքերից և նստի բանակցությունների սեղանի շուրջ, «Խաղաղության խաչմերուկն» իրականություն կդառնա․ փորձագետ

Եթե Ադրբեջանը չխոսի առավելապաշտական դիրքերից և նստի 
բանակցությունների սեղանի շուրջ, «Խաղաղության խաչմերուկն» իրականություն 
կդառնա․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը հրաժարվի առավելապաշտական դիրքորոշումներից և անկեղծ մղումներով նստի բանակցությունների սեղանի շուրջ արևմտյան կամ ռուսական հարթակներում, ապա Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկն» իսկապես իրականություն կդառնա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մելիքյանը նշեց, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կախված չէ միայն Հայաստանից ու Վրաստանից։ Հայկական կողմը Թբիլիսիում տեղի ունեցող համաժողովում հերթական անգամ ցույց տվեց, որ պատրաստ է խաղաղության օրակարգի շրջանակում կատարել գործնական քայլեր։

«Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը, սակայն պաշտոնական Բաքվի կողմից համարժեք պատասխան կամ կառուցողական մոտեցում չի նկատվում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի հիմնական նպատակը «Մետաքսի ճանապարհ» համաժողովին մասնակցելն էր, որն արդեն ավանդական է դարձել, կազմակերպվում է Վրաստանի կառավարության կողմից և որին մասնակցում են բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև ազդեցիկ կազմակերպությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հետևաբար վարչապետն օգտագործեց տվյալ հարթակը՝ հանգամանորեն իր ելույթում ներկայացնելով հայկական կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ»-ի տեսլականը»,- ասաց վրացագետը։

Մելիքյանը շեշտեց, որ Հայաստանի ու Վրաստանի վարչապետներն ընդգծում են պարբերաբար դարձած երկկողմ հանդիպումների կարևորությունը, ուստի սա ևս մեկ առիթ է վրաց գործընկերներին ներկայացնելու պաշտոնական Երևանի մոտեցումներն ու ակնկալիքները տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ։ Հայկական կողմը նույնիսկ պատրաստել էր «Խաղաղության խաչմերուկ»-ին առնչվող համապատասխան բուկլետներ, որոնք բաժանվեցին վրաց գործընկերներին և համաժողովի մյուս մասնակիցներին։

«Ցավոք Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում ու թեև հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բայց իրականում հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ չի հանգուցալուծվել և հիմնախնդիրը տակավին միջազգային օրակարգում է։ Հենց միայն բռնի տեղահանված հայերի հանգամանքը փաստում է Ադրբեջանի կողմից իր պարտավորություններից հրաժարվելու մասին։ Բաքուն նույնիսկ սկսել է քննադատել եվրոպական հարթակը՝ վերջինիս մեղադրելով, որ չի ցուցաբերում չեզոք մոտեցում բանակցային գործընթացում։

Բոլորովին վերջերս պաշտոնական Թբիլիսին Հայաստանին և Ադրբեջանին հերթական անգամ դիմեց բանակցություններում վրացական հարթակից նույնպես օգտվելու առաջարկով»,- նշեց վրացագետը։

Ի դեպ, «Մետաքսի ճանապարհ» կոչվող համաժողովին Ալիևը չի ներկայացել, այլ գործուղել է Ադրբեջանի վարչապետին։ Մելիքյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ պետք է գործի այնպիսի ձևաչափ, որում ընդգրկված երկրներն ու կազմակերպությունները երաշխավոր լինեն պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Ըստ նրա՝ վրացական հարթակն իր հերթին կարող է օգտագործվել այնպիսի հարցերի լուծման համար, որոնք քիչ քաղաքականացված են և դուրս են աշխարհաքաղաքական գործընթացներից, և եթե իրոք կարիք լինի, ապա այս հարթակը նույնպես կարող է արդյունավետորեն օգտագործվել։

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանն ու Վրաստանը համատեղ ուժերով ինչ ներդրում կարող են ունենալ «Մետաքսի ճանապարհ» նախագծում, Մելիքյանն ընդգծեց, որ Վրաստանն արդեն իսկ ընդգրկված է գործընթացներում, քանի որ տարանցիկ երկիր է և իրականացնում է բեռնափոխադրումներ, ու եթե Հարավային Կովկասում տեղի ունենա հաղորդակցական բոլոր ուղիների ապաշրջափակում, ապա Հայաստանը կարող է ակտիվորեն ներգրավվել նշված նախագծում։

«Մեր երկիրը նույնպես կարևոր միջանցքի դեր կստանձնի և հնարավորություն դեպքում ասիական շուկաները Վրաստանի հետ կկապի եվրոպական շուկաներին՝ օգտագործելով նաև Իրանի տարածքը, հետևաբար միջպետական հարաբերություններում այդ ուղղությամբ պետք է շարունակաբար ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ առավելագույն օգուտ քաղել տարբեր ուղղություններով տարբեր խաղացողների հետ փոխգործակցությունից»,- եզրափակեց վրացագետը։           

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am