Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված գյուղոլորտի գործարարներին օգնելու համար պետական աջակցության ծրագրերում կկատարվեն փոփոխություններ

ԼՂ-ից բռնի տեղահանված գյուղոլորտի գործարարներին օգնելու համար պետական 
աջակցության ծրագրերում կկատարվեն փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գյուղատնտեսության ոլորտի գործարարների, ֆերմերների հետ հանդիպմանը վերհանվել են խնդիրները, դրանց հիման վրա պետությունը կվերանայի պետական աջակցության ծրագրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասացին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում:

«Ներկայացվեց ոլորտային քաղաքականությունը, ինչպես նաև բոլորը հարցերը, որոնք կարող են առնչվել և հնարավորություններին, և մարտահրավերներին: Ներկայացվեցին նաև կառավարության կողմից առաջարկվող և գործող ծրագրերը ՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով: Ինչպես նաև քննարկվեցին ֆերմերներին, գործարարներին հետաքրքրող, կարիքները վերհանելու նպատակ ունեցող հարցեր»,-ասաց փոխնախարար Արման Խոջոյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև հայաստանյան գործարարներ, որոնք առաջարկներ են հնչեցրել հանդիպմանը մասնակից ֆերմերներին, տնտեսավարողներին: Մասնակիցները նաև կարևորել են վերապատրաստումները: Նախարարության հիմնական նպատակն է եղել հանդիպման արդյունքում գնահատել կարիքները, քանի որ կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը հիմնականում թիրախավորված են և հիմնված են շահառուների կարիքների վրա:

Փոխնախարար Աշխեն Շիրվանյանն ասաց, որ արդյունավետ քննարկման արդյունքում վերհանվել են բոլոր խնդիրները: «Այդ խնդիրների հիման վրա մենք նախատեսում ենք  վերանայել ծրագրերը և անհրաժեշտ փոփոխություններ կատարել, մասնավորապես սահմանել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռենք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին օգտվելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից»,-ասաց նա:

Ծրագրերը, նրա վստահեցմամբ, շատ են: Շիրվանյանը հուսով է, որ հայրենակիցները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ:

Խոջոյանը, դիմելով Հայաստանում գործող կազմակերպություններին, ասաց, որ նախարարությունը պատրաստ է կամուրջ հանդիսանալ, համակարգել, եթե նրանք ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ համագործակցության հնարավորություն տեսնեն:

Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am