Քաղաքականություն

Եթե ՌԴ խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Եթե ՌԴ խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն Հայաստանից կախված չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ խաղաղապահները պետք է մնան ԼՂ-ում։

«Լեռնային Ղարաբաղում նրանց մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, կամ մեզնից չէ կախված, որովհետև մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանի Դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս հարցին, Լեռնային Ղարաբաղում մնալ-չմնալու հետ կապված, ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ»,- ասաց վարչապետը։

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք ՌԴ խաղաղապահները գալ Հայաստան ու մնալ, վարչապետը պատասխանեց, որ դրա մեջ տրամաբանություն չի տեսնում, որովհետև նրանք Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն են:

«Եթե նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան, ուրիշ հարց, այդ պարագայում նրանք Ադրբեջանո՞վ կգնան Ռուսաստան, թե՞ Հայաստանով: Չեմ կարծում, թե սկզբունքային հարց է, բայց Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք և հիմնավորում չկա և չի կարող լինել»,-եզրափակեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում