Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պաղեստինցիները փորձում են փոփոխվող աշխարհակարգի պայմաններում բոլորի ուշադրությունը սևեռել իրենց հիմնախնդրի վրա. արաբագետի վերլուծությունը

Պաղեստինցիները փորձում են փոփոխվող աշխարհակարգի պայմաններում բոլորի 
ուշադրությունը սևեռել իրենց հիմնախնդրի վրա. արաբագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ պաղեստինա-իսրայելական վերջին սրացման պատճառն ավելի գլոբալ իրողությունների հետևանք է, այսինքն՝ տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, որն առանձնակի ազդեցություն է ունենում տարբեր տարածաշրջանների վրա, և այդ համատեքստում պաղեստինցիները` որպես նախորդ աշխարհակարգի ամենաակնառու տուժածներից մեկը, աննախադեպ լայնամասշտաբ գործողությունների միջոցով հիշեցնում են իրենց ութ տասնամյակ շարունակվող հիմնախնդրի մասին։   

Նշենք, որ Իսրայելի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ իսրայելական բանակը գիշերը կործանիչներով, ուղղաթիռներով և հրետանիով հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի՝ Գազայի հատվածում տեղակայված ավելի քան 500 թիրախի։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ մարտերը շարունակվում են 7 կամ 8 վայրերում․ ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկու օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 700-ի, շուրջ հարյուր մարդ գերի է վերցվել։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ վերջին սրացման հետ կապված մյուս կարևոր հանգամանքը տարածաշրջանային զարգացումներն են։

«ԱՄՆ-ի կողմից ակտիվ ջանքեր են իրականացվում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որի առանցքային բաղադրիչներից մեկն է պաղեստինյան խնդիրը։ Նախկինում Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման առաջնային նախապայման էր համարում պաղեստինյան հիմնախնդրի հանգուցալուծումը։ Ներկայումս, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկատվության, արաբական երկրի դիրքորոշումներում արձանագրվել է փոփոխություն, ըստ որի՝ Էր-Ռիադն ընկրկել է նախկին պահանջներից՝ ուրանի հարստացման հնարավորություն ստանալու դիմաց։ Հիմա, որպեսզի պաղեստինցիները և հատկապես Գազայի հատվածում գործող խմբավորումները թույլ չտան, որ հերթական ռազմավարական կորուստը լինի, ինչպես եղավ 2019-20 թվականների «աբրահամյան համաձայնագրերի» ստորագրման արդյունքում պաղեստինյան հիմնախնդրի անտեսման եղանակով, հիմա նման գործողություն իրականացնելով՝ պաղեստինցիներն ամբողջ աշխարհի ուշադրությունն են սևեռում իրենց հիմնախնդրի վրա և վերստին միջազգային օրակարգ են մղում տասնայմակներ շարունակ չկարգավորված մերօրյա ամենաարյունալի հակամարտությունը»,- ասաց արաբագետը։

Պետրոսյանը Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների և Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումների միջև կապ չի տեսնում, որքան էլ սրված լինեն հարաբերություններն Իսրայելի և Իրանի միջև։ Նա ընդգծեց, որ ՀԱՄԱՍ-ի հիմնական արտաքին հովանավորներն են Թուրքիան և Քաթարը, հիմնական ֆինանսավորողը՝ «Իսլամական Ջիհադ»-ը, իսկ Իրանն այդ խմբավորմանն աջակցում է զուտ տեխնոլոգիաներով։

«Այս պահին տարածաշրջանում ստեղծված լրջագույն իրողությունների համապատկերում Իրանն ամեն կերպ խուսափում է հնարավոր նոր ռազմական էսկալացիայից, հետևաբար Իրանը որևէ շահագրգռվածություն չունի պատճառ հանդիսանալ կամ դրդել իր կողմից աջակցություն ստացող խմբավորումներին ռազմական էսկալացիայի, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ նաև իր համար։ Իրանը, խուսափելով ռազմական առճակատումից, փորձում է միշտ դիվանագիտական խողովակներով հասնել խնդիրների լուծման։ Դրա վառ օրինակն Ադրբեջանի հետ հարաբերություններն են, որոնց շուրջ երկու տարի շարունակվող ճգնաժամի պայմաններում Թեհրանը, նախաձեռնողական քաղաքականություն դրսևորելով, անընդհատ ձգտում է կառավարելի պահել իրավիճակը և բարելավել հարաբերությունները, թեև ակնարկում է հարևան երկրում իսրայելական ներկայության առթիվ իր անհամաձայնության մասին»,- նշեց վերլուծաբանը։

Պետրոսյանի կարծիքով՝ թեև պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ԱՄՆ-ն և մյուս հակառակորդները կարող են օգտագործել Իրանի դեմ, այդուհանդերձ Թեհրանում պարզ գիտակցում են, որ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում տարբեր տարածաշրջանների լոկալ բախումները կարող են պայթունավտանգ լինել և մասնավորապես Հարավային Կովկասում էական վնաս հասցնել Իրանին, ուստի արկածախնդրությունը բացառվում է։

«Նշված հակամարտության կարգավորման գործում մշտապես միջնորդ է եղել Եգիպտոսը, և այս պահին էլ նրա ու Քաթարի միջոցով փորձ է արվում բանակցային գործընթաց նախաձեռնել հումանիտար խնդիրների շուրջ։ Բայց հաշվի առնելով, որ վերջին առճակատման հետևանքները բավականաչափ մեծ են, ուստի Իսրայելը կփորձի լայնամասշտաբ ու ցավոտ հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին, քանի որ իր կորուստները շատ մեծ են։ Նման կորուստներ Իսրայելն ունեցել է հիսուն տարի առաջ «դատաստանի օրվա պատերազմի» ժամանակ, երբ դիմակայում էր միաժամանակ երկու արաբական երկրների։ Իսրայելի գործող իշխանությունը փորձելու է արտաքին ասպարեզում վերականգնել իր իմիջը, ինչպես նաև ռազմական գործողությունը հետագայում օգտագործել ներքաղաքական օրակարգի համար»,- եզրափակեց վերլուծաբանը։         

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am