Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 
աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով:

Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն:

Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու դեռահասներ են։

«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կրթության ոլորտում կազմակերպության մանդատի շրջանակներում աջակցելու բնակչության այս խմբերին օգնություն ստանալու և տրամադրելու հարցում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անմիջապես արձագանքեց այս խնդրանքին: Առաջիկա օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագետների թիմ կուղարկի Երևան՝ ազգային իշխանությունների հետ համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատելու և տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ գործողությունների ծրագիրն ուղղված է լինելու համապատասխան ուսումնական միջավայրերի ստեղծմանը, վերականգնման ծրագրերի հասանելիությանը և հոգեբանական աջակցությանը, որը կօգնի ուսանողներին հաղթահարել դժվար իրավիճակները:

Տեքստում շեշտվում է, որ մոտ ապագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև նախատեսում է կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել՝ ապահովելու նրանց աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն այս կրթական նախաձեռնությունների իրականացման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am