Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամեն ինչ արվելու է, որպեսզի միջազգային ֆոն ապահովվի ծածկադմբոցի միջոցով․ քաղաքագետը՝ ԼՂ այցելած ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մասին

Ամեն ինչ արվելու է, որպեսզի միջազգային ֆոն ապահովվի ծածկադմբոցի միջոցով․ 
քաղաքագետը՝ ԼՂ այցելած ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Գարիկ Քեռյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի դիտորդների կողմից ամեն ինչ արվելու է, որպեսզի միջազգային ֆոն ապահովվի ծածկադմբոցի միջոցով և Ադրբեջանի կողմից կատարվածն ըստ էության չներկայացվի որպես Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտում։         

Նշենք, որ միջազգային մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը նախօրեին ժամանել է Լեռնային Ղարաբաղ։ Արտասահմանյան ԶԼՄ-ներն ընդգծում են, որ անցած 30 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ը մուտք է գործում տարածաշրջան: Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղ ժամանած ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները Բաքվում հավատարմագրված և Ադրբեջանի համար բարեկամ հանդիսացող երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Պակիստանի, Ալբանիայի դիվանագետներ են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում, Քեռյանը նշեց՝ իր  համար զարմանալի է, որ ՄԱԿ-ը հիմա է որոշել դիտորդական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ պետք է այդ քայլը կատարեր ադրբեջանական ագրեսիայից առաջ, քանզի տրամաբանությունը հուշում է, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության հիմնական գործառույթը պետք է լիներ տեղի հայ ազգաբնակչությանը պաշտպանելն ու էթնիկ զտումները կանխարգելելը։

«Եթե ՄԱԿ-ի աչքերի առջև տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, ապա ինչու՞ է հիմա դիտորդական առաքելություն ուղարկվում տարածաշրջան։ Ենթադրաբար դիտորդները կլինեն ԼՂ-ի առանձին բնակավայրերում, քաղաքներում, կգտնեն 10-15 հոգու, ովքեր դեռ մնացել են այնտեղ և դիտորդներին կտան միանգամայն դրական համատեքստով հարցազրույցներ առ այն, որ ադրբեջանցիներն իրենց չեն նեղացնում, ամեն ինչ լավ է։ Դիտորդներն «ապացույցներ» կվերցնեն այն մասին, թե ԼՂ բնակիչները Հակարիի կամրջի մոտ տվել են հարցազրույցներ՝ նշելով, որ ոչ ոք իրենց չի վռնդել, իրենք են որոշել տեղափոխվել Հայաստան։ Դիտորդներն այդ ամենը կհամակարգեն ու զեկույցը կտանեն ՄԱԿ, որն էլ իր հերթին կարձանագրի, թե Լեռնային Ղարաբաղի հայերը կամովին են տեղափոխվել Հայաստան, հետևաբար այստեղ էթնիկ զտման գործոնի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Քեռյանի՝ պետք է հոգեբանորեն նախապատրաստվել նրան, թե Լեռնային Ղարաբաղում ինչ հունով կընթանա ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը, որպեսզի հաջորդ անգամ միջազգային որոշ կառույցների կեղծ մարդասիրության հանդեպ նախապես հավատ չընծայվի։

«Ճիշտ է, դիտորդների կազմն ընտրում է ՄԱԿ-ը, բայց պետք է լինի նաև այն երկրի համաձայնությունը, ուր ժամանելու են այդ դիտորդները։ Բացառված չէ, որ Ադրբեջանը լոբբիստական աշխատանք կատարած լինի, ինչի արդյունքում դիտորդների ցուցակում հայտնվել են բացառապես իրեն բարեկամաբար տրամադրված երկրների դիվանագետները։ Օրինակ ԱՄՆ-ի ներկայացուցչի բացակայությունն ինձ համար զարմանալի չէ։ Եթե ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում, իսկ նրա խոսքերից տառացիորեն մի քանի օր անց տեղի է ունենում այդ արհավիրքը, սա արդեն ստորացուցիչ ապտակ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Ֆրանսիային, Գերմանիային ու ԵՄ բոլոր այն երկրներին, որոնք տասնյակ տարիներ խոսում են ժողովրդավարական արժեքների մասին։ Հիմա տեղի է ունենում վարկաբեկիչ գործընթաց, ուստի տրամաբանական է, որ նշված պետությունները ցանկություն չունեն մաս կազմել այդ թատրոնին»,- ասաց Քեռյանը։

Նրա դիտարկմամբ՝ ամենաճիշտ տարբերակն այն է, որ վերոհիշյալ երկրները ո՛չ մասնակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ զեկույցի կազմման աշխատանքներին, ո՛չ էլ մեղք վերցնեն իրենց վրա։ Թող այլ երկրները կազմեն այդ զեկույցը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրավիրված նիստի ժամանակ կամ ներկայացնեն, կամ հորանջեն։ 

Մանվել Մարգարյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am