Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն. նրանք պատրաստ են օգնել նաև ԼՂ-ում տուժածներին

Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն. նրանք պատրաստ են 
օգնել նաև ԼՂ-ում տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ: Օտարերկրացի մասնագետները տեղի բժիշկների հետ փորձի փոխանակում են իրականացնում, անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն տրամադրում նաև կոնկրետ բուժառուների հետ կապված: Մասնագետները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների բուժման հարցում:

 «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ:

GEV_0394.JPG (864 KB)

ԱՄՆ-ից բժիշկների առաքելությունը՝ հյուպատոսության նախաձեռնությամբ, պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ, Հայաստան է գալիս ամեն տարի՝ 2015 թվականից սկսած: Այս տարի առաքելությունն այստեղ կլինեն մինչև հոկտեմբերի 7-ը:

«Մեզ համար հոգեկան մեծ գոհունակություն է ամեն տարի գալ և մեր քույրերին ու եղբայրներին օգտակար լինել: Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո շեշտակի կարևորվեց առաքելությունը, որ մենք անպայման թե օգտակար լինենք, թե աշխարհին ցույց տանք, որ սփյուռքն ու Հայաստանը միասին են՝ ավելի ամրապնդված»,-ասաց Աբգարյանը:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիան մեծ անհանգստություն է առաջացրել, սակայն հյուպատոսի վստահեցմամբ՝ հենց այս պայմաններում գալն ու հայրենիքին օգտակար լինելու անհրաժեշտությունն ավելի է ընդգծվել: Նույնիսկ օտարազգի բժիշկներն ասել են, որ չեն վարանի գալ Հայաստան:

Այս տարի հյուպատոսության հովանավարությամբ բժշկական առաքելությանը զուգահեռ առաջին անգամ անցկացվում է նաև չորսօրյա միջազգային բժշկական համագումար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ, Արմեն Մուրադյանի և Գևորգ Թամամյանի հետ միասին: Համագումարին մասնակցում են մասնագետներ՝ Հորդանանից, Իսրայելից, ԱՄՆ տարբեր նահանգներից: Նպատակ կա համագումարը հաջորդ տարիներին ևս շարունակական դարձնել: Համագումարի մասնակից բժիշկները համագումարի շրջանակում ելույթներից բացի նաև համապատասխան հիվանդանոցներում շփվում են տեղի բժիշկների հետ, փորձի փոխանակում անում, բուժառուների հետ կապված խորհրդակցություն անում:

Հայաստան են եկել ֆիզիոթերապևտներ, շտապօգնության բժիշկ, ատամնաբույժներ, ինֆեկցիոնիստներ, ակնաբույժներ, բուժքույրեր և այլ մասնագետներ, նրանց մի մասը հիվանդանոցներում է, մյուսը մասնակցում է համագումարին:

Թե ի՞նչն է ամեն տարի օտարերկրացի բժիշկներին բերում Հայաստան՝ Աբգարյանն ասաց. «Առաջին օրվանից սկսած՝ իրենք Հայաստան գալով՝ տեսել են հայերի ջերմ ընդունելությունը, մեր հյուրընկալ ոգին, տեղի մասնագետների հարազատ մոտեցումն իրենց նկատմամբ: Ամեն տարի եկածների 90-95 տոկոսը հաջորդ տարի կրկին ցանկանում է գալ»,-ասաց պատվավոր հյուպատոսը:

GEV_0406.JPG (707 KB)

Աբգարյանը վստահեցրեց, որը Հայաստան եկած բժիշկներն ըստ անհրաժեշտության կաջակցեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ադրբեջանական ագրեսիայից տուժած անձանց բուժման հարցում: Պատվավոր հյուպատոսը  Արտգործնախարության և Առողջապահության նախարարության հետ ևս խոսել է:

«Մեզ հետ բերել ենք դեղորայք, բոլորն առանց վարանելու կտրամադրենք: Ինչի կարիք, որ կա, պատրաստ ենք օգտակար լինել: Լեռնային Ղարաբաղից եկող մեր քույրերին, եղբայրներին պատրաստ ենք օգտակար լինել»,-նշեց Աբգարյանը:

Նա վստահեցրեց՝ պատրաստ են լինել այնտեղ, որտեղ կարիքը կա, սակայն կաշխատեն գերատեսչությունների, հատկապես Առողջապահության նախարարության հետ համագործակցված:

Բժշկական առաքելությունը 2020 թվականից ի վեր կենտրոնացել է հատկապես վիրավոր զինծառայողների կարիքների վրա, ըստ այդմ էլ ընտրում են առաքելության կազմի մասնագետներին:

«Շատերը մտածում են, թե բժշկական առաքելությունը միայն երկու շաբաթվա համար է, դա ճիշտ մոտեցում չէ: Իրենք տեղի բժիշկների հետ կապ են պահում, տարվա ընթացքում միշտ շփման մեջ են: Տարիների ընթացքում կապերն ավելի են ընդլայնվում»,-ասաց Աբգարյանը:

GEV_0400.JPG (754 KB)

Խոսելով ամեն տարի Հայաստան եկող բժշկական առաքելության ուղերձի մասին՝ պատվավոր հյուպատոս Աբգարյանը նշեց՝ հիմնական ուղերձն այն է, որ սփյուռքն ու հայրենիքը միասին են: «Հայրենիքը միայնակ չէ, դժվարին օրեր է ապրում, բայց սփյուռքը ոտքի  է կանգնած՝ աշխարհին ցույց տալու, որ մենք չենք կարող անտարբեր գտնվել և մեզ համար հայրենիքը առաջին տեղում է: Մենք մեր պատմության ընթացքում դժվարություններ միշտ տեսել ենք և պետք է միշտ կանգուն մնանք միանալով: Մեկ բռունցք դառնալով՝ պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները, միասնականության մեջ հատուկ ուժ կա, ինչը գոտեպնդում է, որ մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները»,-ասաց Աբգարյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am