Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Միրզոյանը կոչ արեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

Միրզոյանը կոչ արեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կոչ արեց հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերը պահպանեն անվտանգությունն ու կայունությունը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի անվտանգության խորդի նիստում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստում: 

Նա  ներկայացրեց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ հարձակման մանրամասները: «Հարձակման ինտենսիվության և դաժանության հետևանքով պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ հայկական բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է»,-ասաց Միրզոյանը:

«Ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8-ամյա մի տղա, 10 տարեկան եղբայրը սպանվել է: Եվ անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը հանել գյուղից, մյուս եղբայրը ստացել է մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը շեշտեց՝ սա կանխատեսելի էր, նշաններն ակնհայտ կային: Հայաստանը երկար ժամանակ է, ինչ ահազանգում էր, իսկ միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն վերաբերվել այս ամենին:

«…Երբ այնպիսի իրավիճակում ենք, որում այլևս ոչ թե մտադրությունն է, այլ հստակ ահերքելի ապացույցներ՝ էթնիկ զտման քաղաքականության և զանգվածային ոճրագործությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել»,-ասաց Միրզոյանը:

Նա հավելեց՝ չնայած, որ ընդունվել են ադրբեջանական կողմի բոլոր պահանջները՝ արյունհեղությունը դադարեցնելու ու բանակցությունների գնալու նպատակով, ԼՂ-ն կրկին հարձակումների է ենթարկվել տարբեր տրամաչափի զենքերով և ականներով:

Միրզոյանը նկատեց՝ շատերը դեռ շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին, այս եզրութաբանությունն այլևս տեղին չէ: Այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր, այլևս չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք:

Միրզոյանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ արեց վստահելի քայլեր ձեռնարկել իր հեղինակություն օգտագործելով՝ իրականացնելու հետևյալ հրատապ միջոցառումները. «Դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը: Պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիակատար իրականացում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու, ներառյալ կանանց և երեխաներին  պաշտպանելու պարտականությունների կատարում, անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում, որի նպատակը կլինի մշտադիտարկել և գնահատել մարդու իրավունքները, մարդասիրական և անվտանգության իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ կազմակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու, այդ թվում մարմինները գտնելու և վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու, ռազմագերիներին ազատ արձակելու, մարդասիրական օգնությունն առանց վտանգի տեղ հասցնելու համար՝ խստագույնս պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը…Ապահովել երկխոսության արդյունավետ միջազգային մեխանիզմ՝ ԼՂ ներկայացուցիչների և պաշտոնական Բաքվի միջև՝ լուծելու ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիրները: Պահանջել, որ Ադրբեջանի ռազմական և իրավապահ մարմինները դուրս գան ԼՂ բոլոր քաղաքացիական բնակավայրերից՝ բացառելու համար սադրանքն ու լարվածությունը, քաղաքացիական անձանց չվտանգել մինչև բանակցությունների ավարտը: Եվ հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր լինեն, որոնք կպահպանեն անվտանգությունն ու կայունությունը ԼՂ-ում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]