ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մի շարք բնակավայրերից տարհանված բնակիչները, ովքեր ռուս խաղաղապահների միջոցով ու սեփական նախաձեռնությամբ տեղափոխվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածք, մնացել են առանց սննդի ու անօթևան:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի շրջանի Վանք համայնքից տարհանված Ռուզաննա Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ Վանքից տարհանվել են այսօր՝ սեպտեմբերի 20-ին, իսկ այժմ տարբեր գյուղերից տարհանված բազմաթիվ մարդկանց հետ գտնվում են օդանավակայանի տարածքում:
«Անորոշ իրավիճակ է: Չգիտենք ինչ անել: Մեզ ասացին, որ պետք է վերադառնանք մեր տները, սակայն անգամ չգիտենք, թե ում վերահսկողության տակ է գյուղը: Մնացել ենք առանց հաց ու ջուր, առանց տանիքի: Մարդիկ տեղավորվել են օդանավակայանի տարածքում, ով ինչպես կարողացել է»,-մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տարհանվածների մի մասը ոտքով վերադարձել է Ստեփանակերտ կամ մոտակա բնակավայրեր, մյուսները շարունակում են մնալ օդանավակայանի տարածքում` սպասելով հստակ որևէ տեղեկության: