«Հայկական կինոդար» մարզային ծրագիրը ցուցադրություններ կկազմակերպի նաեւ Գեղարքունիքի մարզի համայնքներում
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը ցուցադրություններ կկազմակերպի նաեւ Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Սեւան, Մարտունի համայնքներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ իրականացնում է«Հայկական կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է՝ հայկական կինոժառանգության եւ ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպումը Հայաստանի մարզերում։
«Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ եւ կարճամետրաժ, դասական եւ ժամանակակից ֆիլմեր, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնված նմուշներ։
Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 25-ին ցուցադրություն կկազմակերպվի Վարդենիսի Մ․ Մկրտչյանի անվան մշակույթի պալատի, սեպտեմբերի 26-ին Մարտունու մշակույթի պալատի, սեպտեմբերի 27-ին՝ Սեւանի Ս․ Զաքարանի անվան մշակույթի պալատի եւ սեպտեմբերի 28-ին՝ Գավառի՝ Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճներում։
Բոլոր ցուցադրություններն անվճար են, եւ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան