Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ 
հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, ով վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական էր որակել պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ մասնավորապես Հռոմի ստատուտի հետ կապված:

«Ես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով, և ճիշտն ասած պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ, ինձ հետ հարաբերություններում խնդիրներ չկան»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չունենալու մասին պատգամավորի դիտարկմանը՝ վարչապետն ասաց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրվանից ինքը 7-8 հեռախոսային խոսակցություն է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, մյուս գործընկերների հետ կամ ոչ մի խոսակցություն չի ունեցել, կամ շատ ավելի պակաս խոսակցություն է ունեցել:  «Չեմ կարծում, թե խնդիր կա այստեղ: Հեռախոսային զանգի նպատակն է կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ բոլոր տեղեկությունների, կանխատեսումների, զարգացումների մասին ինքը նաև բանավոր քննարկումների ընթացքում է խոսել, նաև գրավոր կերպով է փոխանցել, այս ընթացքում նաև հանդիպել են: «Էլ չեմ ասում, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբ կա: Եվ Ռուսաստանի Դաշնությունը տեղի ունեցող իրադարձությունների մասին ունի պատշաճ տեղեկատվության աղբյուր»,-ասաց Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am