Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

Ամերիկահայերը Գլենդելում մայրուղի են փակել Արցախում տիրող իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար

Ամերիկահայերը Գլենդելում մայրուղի են փակել Արցախում տիրող իրավիճակի վրա 
ուշադրություն հրավիրելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արցախում տիրող ճգնաժամի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանել է ABC7 լրատվամիջոցը։

Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։

Վերջին օրերին ցուցարարները մի քանի ակցիա են իրականացրել Ադամ Շիֆի գլենդելյան գրասենյակի առաջ՝ դեմոկրատ կոնգրեսականին կոչ անելով ավելին անել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար։

Իր հերթին Ադամ Շիֆն օգոստոսի 7-ին հայտարարություն էր տարածել՝ դարձյալ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու հրատապությունը։

«Քանի որ Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս կենսական անհրաժեշտության մարդասիրական օգնություն մատակարարել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին, օրեցօր մեծանում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը», - գրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Շիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանա էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։

Դրան հաջորդող մեկ այլ հայտարարության մեջ Շիֆը հայտնել էր, որ կապի մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, Պետքարտուղարության և իր գործընկեր կոնգրեսականների հետ և նրանց կոչ է անում օգտագործել առկա բոլոր գործիքները, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական օգնության դադարեցումը և Արցախում ստեղծված ճգնաժամի բոլոր մեղավորների հանդեպ պատժամիջոցների սահմանումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]