Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Սևանա լճից իրականացվել է ջրի նմուշառում՝ թափանցիկության աստիճանը և թթվածնի պարունակությունը որոշելու նպատակով

Սևանա լճից իրականացվել է ջրի նմուշառում՝ թափանցիկության աստիճանը և 
թթվածնի պարունակությունը որոշելու նպատակով

ԳԱՎԱՌ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան  Վիկտոր Ռիխտերը  աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկում»` «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, այցը մեկնարկել է Սևանա լճում նավով շրջայցով, որի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը և կենտրոնի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը զեկույցներ են ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ:

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է SEVAMOD2 հայ-գերմանական գիտահետազոտական ծրագիրը, որը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  համաֆինանսավորմամբ։

Ըստ ծրագիրն իրականացնող կառույցների՝ ծրագրի բոլոր նպատակներն իրականացվել են, այն հնարավորություն է տվել մոդելավորման միջոցով գնահատել Սևանա լճի հիդրոդինամիկ պայմանները, սնուցիչների տեղաշարժման առանձնահատկությունները։ Բացի նախատեսված 1D մոդելից, իրականացվել է նաև լճի 2D մոդելավորում՝ հիդրոդինամիկ և էկոլոգիական բաղադրիչներով։

Գնահատվել է կլիմայի փոփոխության պայմաններում Սևանա լճի հիդրոդինամիկ պայմանների փոփոխությունները և դրա ազդեցությամբ լճում ընթացող պրոցեսների փոփոխությունները։

Ծրագրի կարևոր բաղադրիչն էր նաև հեռահար զոնդավորման կիրառման հնարավորությունները, գնահատումը և վերլուծությունները։

Ծրագրի իրականացմամբ հնարավոր է դարձել Սևանա լճում սկսել կանոնավոր գիտահետազոտական և մոնիթորինգային աշխատանքներ:

Զեկույցներից հետո «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները լճից ջրի նմուշառում են իրականացրել` պարզելու ջրի թափանցիկության աստիճանը և դրանում թթվածնի պարունակությունը:

Այցը շարունակվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարան  այցով:

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, կլիմայի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և այլ հարցերի լայն շրջանակ:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am