Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Բրիտանացի պատգամավորները ՄԹ ԱԳ նախարարին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղում

Բրիտանացի պատգամավորները ՄԹ ԱԳ նախարարին կոչ են արել դատապարտել 
Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վայրագությունների դեմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանականները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին՝ կոչ անելով վերջ տալ կառավարության լռությանը և հանդես գալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ իրականացվող վայրագությունների դեմ։

Պատգամավորները նաև հայտարարություն են տարածել, որում նշված է․

«Արտաքին գործերի նախարարությունն այժմ պետք է դիրքորոշում հայտնի  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների դեմ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին՝ ուղղակիորեն խախտելով նոյեմբերին կնքված հրադադարի հայտարարությունը։ Այդ ժամանակից ի վեր գրեթե բոլոր տեղաշարժերն ու կենսական մատակարարումները դադարեցվել են, ինչը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի վատթարացման՝ վտանգելով հազարավոր կյանքեր: Ապօրինի շրջափակման պատճառով բացարձակապես արգելված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, ցանկացած բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ամեն ինչի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Թերսնուցումն ազդում է հղիների վրա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տեխնածին աղետի հետևանքով Արցախում հղիների ավելի քան 90%-ը անեմիա ունի։ Վերջին ամիսներին վիժումները աճել են 3 անգամ՝ բնակչության համար հիմնական սննդամթերքի և դեղորայքի բացակայության պատճառով։ Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով: Բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ լուրջ մտահոգություններ են բարձրացրել զարգացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և խնդրել են ամբողջ աշխարհի կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու շրջափակումը: Amnesty International-ը Ադրբեջանին մեղադրել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելու մեջ, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում շրջափակումը վերացնելու համար: ԵՄ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և եվրոպական շատ երկրներ խստորեն դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ են արել անհապաղ վերացնել շրջափակումը, հատկապես վերջին շրջանում արագորեն վատթարացող պայմանների լույսի ներքո: Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խումբը խնդրում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին անել նույնը և հասկացնել, որ Ադրբեջանի գործողությունների համար հետևանքներ կլինեն, եթե նա հիմա չգործի»։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութոնը.

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը հասնում է ճգնաժամային կետի։ Ադրբեջանի կառավարության կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն արդարացում չունի և արվել է ենթադրյալ խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական մատակարարումների կանխամտածված մերժումն Ալիևի կառավարության կողմից իրականացվող էթնիկ զտումների վերջին փորձն է, և այն պետք է անվանել այնպես, ինչպես կա: Մարդկային թշվառությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հսկայական տեղահանումը, թվում է, ադրբեջանական խաղային ծրագրի մի մասն են կազմում՝ դուրս մղելու այս անհանգիստ տարածքի օրինական քաղաքացիներին, ովքեր ցեղասպանության վտանգի տակ են: Մենք համաձայն ենք Ֆրանսիայի կառավարության և եվրոպական այլ երկրների դիրքորոշման հետ, որոնք կոչ են արել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են: Մենք միանում ենք նրանց՝ պահանջելով վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ։ Սա խորապես ապակայունացնող է մի տարածքում, որն արդեն իսկ գտնվում է մեծ ճնշման տակ և կարող է գործարկվել որպես հետագա հակամարտությունների ձգան, որն ուղղակի ազդեցություն կունենա արևմտյան շահերի վրա, ինչը սակայն Մեծ Բրիտանիայում քիչ լուսաբանում է ստացել: Ուստի, մենք այսօր գրել ենք Արտաքին գործերի նախարարին, որպեսզի նման դիրքորոշում ընդունի և հստակ արտահայտի բրիտանական կառավարության դատապարտումը, առանց հետագա հապաղման»:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am