Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին

ՀՀ նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո 
Պարոլինին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են: 

«Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունները, որոնք իրենց երկարամյա պատմությունն ունեն և վերընթաց զարգանում են: Այդ հարաբերությունները հիմնված են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են քրիստոնեական արժեքները, խաղաղությունը, արդարությունը, մարդու իրավունքները:

Մենք հավատարիմ ենք խաղաղության հասնելու մեր հանձնառությանը, և գնում ենք այդ ուղով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռի և Սրբազան Քահանայապետի ջանքերի, հորդորների և աղոթքների համար՝ ուղղված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Իհարկե, մեր հարաբերությունների զարգացման գործում քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները մեծ նշանակություն ունեն և բազմաթիվ փոխայցելությունները հանգեցրել են նրան, որ մենք հաստատել ենք բարձր մակարդակի երկխոսություն: Համոզված եմ՝ Ձեր այցելությունը ևս իր նպաստը կբերի մեր հարաբերությունների խորացման գործում»,- իր ողջունի խոսքում ասել է նախագահը:

Կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հյուրընկալության և ջերմ խոսքերի համար: 

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել: Իմ այս երկօրյա այցելության մեկնարկը տրվեց այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդ այցելությամբ՝ զոհերի հիշատակը հարգելով: Ես կարողացա խորացնել (անշուշտ, նախապես քաջատեղյակ էի) պատմական տեղեկությունները, որոնք վերաբերել են հայ ժողովրդին բաժին հասած այդ ողբերգությանը:

Ես նույնպես կցանկանայի ընդգծել այն գերազանց հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև: Ճիշտ նկատեցիք փոխայցելությունները բազմաթիվ են, և սա նշան է, որ առկա են լավ հարաբերություններ, ինչպես նաև ձգտում դրանք ավելի խորացնել ու զարգացնել»,- նշել է Սուրբ Աթոռի պետքարտուղարը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի փաստացի մեկուսացումը ստեղծել է հումանիտար ճգնաժամ, որը ուղեկցվում է գազամատակարարման, էլեկտրականության և հեռահաղորդակցության արգելափակումներով։

Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am