Քաղաքականություն

Տիրան Խաչատրյանը կեղծ տեղեկություն է տարածում լոկ քաղաքական դրդապատճառներով․ վարչապետի աշխատակազմը՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարության մասին

3 րոպեի ընթերցում

Տիրան Խաչատրյանը կեղծ տեղեկություն է տարածում լոկ քաղաքական դրդապատճառներով․ վարչապետի աշխատակազմը՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից արձագանքել են Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ բանակը կառավարությունից գումար է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է։

Տիրան Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներով ներկայացնում է պնդումներ, որոնք ոչ միայն հիմնազուրկ են, այլեւ հասարակությանը մոլորեցնելու առերեւույթ նպատակ են հետապնդում:

«Խաչատրյանի կեղծ ձեւակերպումները, թե իբրեւբանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու համար Կառավարությունը գումար չի հատկացրել, աղերս չունեն իրականության հետ:

Ակնհայտ սուտ տեղեկատվությունը Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կողմից տարածվում է լոկ քաղաքական դրդապատճառներով: Առնվազն տարօրինակ է, որ մի քանի դրվագներով վերջինիս պնդումները հակասում են նաեւ իր նախկին վերադասի՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից արված հրապարակային հայտարարություններին: Տիրան Խաչատրյանը մտացածին եւ անհիմն պնդումներով փորձում է տպավորություն ստեղծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը խոչընդոտվել է Կառավարության պակաս հատկացումների պատճառով:

Հարկ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, Կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար հատկացրել է շուրջ 608 միլիարդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ Կառավարությունները նույն նպատակի համար ծախսել են 354 միլիարդ դրամ: Ստացվում է, որ երկու տարում իրականացվել է նախորդող 10 տարվա ձեռքբերումների ծավալի գրեթե կրկնակին»,- ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում