Մշակույթ

«Գոյ» թատրոնը չի փակվի մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը

4 րոպեի ընթերցում

«Գոյ» թատրոնը չի փակվի մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված N 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և Վարչական դատավարության օրենսգիրք 83 հոդվածի 1-ին մասով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը:

Սա ենթադրում է, որ թատրոնը չի փակվի մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին թատրոնի ներկայացուցիչը, փաստաբանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել էր մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը պետք է կրճատվեր, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, գործունեություն ծավալեր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:

Թատրոնի անձնակազմն ի սկզբանե դեմ էր նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։

Նախարարությունը նախագիծը ներկայացրել էր ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության՝ մայիսի 11-ին անցկացված նիստում որոշում էր կայացվել «Գոյ» թատրոնը միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

«Թատրոնի անդամներով հայց ներկայացրինք դատարան, որը մերժվեց: Հիմա հայցը դատարանում է: Երեկ այս գործով վարույթ է ընդունվել, որովհետև այն պատճառները, որ բերվում են, մտացածին են, արհեստական են»,-շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

«Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանի խոսքով՝ ամիսներ շարունակ որոշ գործընթաց է սկսվել «Գոյ» թատրոնի դեմ, ինչի պատճառով թատրոնը դատական պաշտպանության փուլում է: «Այս պահին իրավական առումով կա իրավիճակ, որ «Գոյ» թատրոնը չի փակվում: Իմ ներքին համոզմամբ՝ այն չի փակվելու առհասարակ, բայց փաստ է, որ այն չի փակվի մինչև հիմնական դատական ակտի կայացումը: Ըստ էության՝ մենք ունենք նորմատիվ իրավական ակտ կառավարության կողմից ընդունված, որը ձևական առումով է նորմատիվ իրավական ակտ: Որպեսզի պարզ լինի, ասեմ՝ սրանք այն որոշումներն են, որոնք անորոշ թվով մարդկանց համար իրավունքներ, պարտականություններ, նորմեր են առաջացնում»,-նշեց փաստաբանը։

Նա հավելեց՝ կա որոշում, որում սահմանված են որոշակի գործողություններ, մասնավորապես գործընթաց, որը հանգեցնելու է «Գոյ» թատրոնի այլևս գոյություն չունենալուն, բայց, քանի որ որոշումը թատրոնի կողմից վիճարկվում է, և վիճարկում են, որ նման որոշումն ընդունվել է օրենքի խախտումներով, ուստի դրան պետք է գնահատական տա դատարանը։

«Դատարանը վարույթ է ընդունել, այսինքն՝ խնդիր կա և պետք է քննվի, թե ով է ճիշտ, ով է սխալ: Քանի որ Վարչական դատարանը բավականին ծանրաբեռնված է, չգիտենք, թե վարույթ ընդունված որոշման վերաբերյալ դատական առաջին նիստը երբ կլինի, չեմ բացառում, որ նիստը տեղի ունենա օրինակ վեց ամիս հետ»,-նշեց Կարո Ասատրյանը։

Թատրոնը շարունակում է աշխատել: Հուլիսը հագեցած կլինի ներկայացումներով. հուլիսի 6-ին թատրոնում առաջնախաղ է սպասվում: Բեմ կբարձրանա Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Քեֆս լավ ա» պոետիկ ներկայացումը, կցուցադրվեն նաև «Լոնդոն Blues», «Դեպի վերջ», «Հավերժի ճամփորդը», «Իրական առասպել» ներկայացումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում