Տնտեսություն

Նվազագույն կենսաթոշակի չափը հավասարվել է պարենային զամբյուղի արժեքին

2 րոպեի ընթերցում

Նվազագույն կենսաթոշակի չափը հավասարվել է պարենային զամբյուղի արժեքին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 29-ի նիստում որոշում է կայացվել բարձրացնել նվազագույն կենսաթոշակների և նպաստների չափերը, ինչպես նաև հաստատվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թթ.-ի գործողությունների ծրագիրը։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ իրականացվող փոփոխություններով՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թ.-ը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։

Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ 2023 թ.-ի հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի 36 հազար դրամ՝ ներկայիս 31 հազար 600 դրամի փոխարեն։ Ըստ էության, 2018 թ.-ի համեմատ, սույն փոփոխությամբ նվազագույն կենսաթոշակի չափը աճել է 20 հազար ՀՀ դրամով կամ 225 տոկոսով:

Այս տարվա առաջին եռամսյակում պարենային զամբյուղի ամսական արժեքը 1 շնչի հաշվով կազմել է 36 հազար 188 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 66 հազար 943 դրամ։

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կենսաթոշակների բարձրացմամբ հետվճարը հաշվի առնելով՝ պարենային զամբյուղն ապահովվում է 99 տոկոսով, իսկ սպառողական զամբյուղը՝ 73.7 տոկոսով միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցություն: Ստացվում է, որ նվազագույն կենսաթոշակի չափն արդեն իսկ հավասարվել է պարենային զամբյուղի արժեքին, որը մարդու օրգանիզմին անհրաժեշտ սննդի նվազագույն քանակն է ապահովում` օրական 2412.1 կկալ:

Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության իրականացման արդյունքում ևս ակնկալվում է ապահովել բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում