Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արաբագետը դրական պայմաններ է տեսնում Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև սերտ կապերի հաստատման համար

Արաբագետը դրական պայմաններ է տեսնում Հայաստանի և Սաուդյան Արաբիայի 
միջև սերտ կապերի հաստատման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարևոր են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, հետևաբար հայկական կողմը պետք է լուրջ հետևողականություն դրսևորի այդ երկրի հետ սերտ կապերի հաստատման և դրանց հետագա խթանման համար, մանավանդ որ մի քանի դրական իրողություններ են առաջացել, որոնք, անշուշտ, կնպաստեն շահավետ փոխգործակցությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքի և ընդհանրապես արաբամուսուլմանական աշխարհի ամենաազդեցիկ խաղացողներից է և միաժամանակ մի քանի հարթություններում առաջնորդման ձգտող առանցքային դերակատարներից է։ Էր-Ռիադը հենց այդ տրամաբանությամբ է իր հիմնական մրցակիցների հետ մասնակցում տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման մրցավազքին, ուստի նման երկրի հետ սերտ կապեր չունենալը Մերձավոր Արևելքում մեր շահերն առաջ մղելու տեսանկյունից լուրջ բացթողում է»,- ասաց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում առկա իրողությունների համատեքստում մի կողմից Հայաստանի և Ադրբեջանի, մյուս կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կողմնակի էֆեկտով ազդում են մեր տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության վրա, որովհետև տասնամյակներ շարունակ Ադրբեջանը Թուրքիայի հետ համագործակցությամբ ձգտում էր արցախյան հիմնախնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն՝ ձևավորելով որոշակի համախոհություն արաբամուսուլմանական աշխարհում։

«Դրական տեղաշարժերը, բնականաբար, հնարավորություն են ընձեռում այն երկրներին, որոնք արցախյան հիմնախնդրով պայմանավորված՝ խուսափել են հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, փոխել իրենց դիրքորոշումները։ Հենց այդ համատեքստում է դիտարկվում մասնավորապես Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետագա փոխգործակցությունը»,- ասաց արաբագետը։

Արաբագետի կարծիքով՝ մյուս կարևոր գործոնը Սաուդյան Արաբիայում իշխող վարչակարգի և հատկապես նրա ղեկավար Մուհամմադ Բին Սալմանի հավակնոտ քաղաքականությունն  է, որը ձգտում է միաժամանակ մի քանի հարթություններում մեծացնել իր երկրի ազդեցության շրջանակները։ Դա առաջին հերթին ՏՏ ոլորտում առաջատար դիրքերի հասնելն է, ինչպես նաև քաղաքական հարաբերությունների վերականգնումն այն երկրների հետ, որոնք կնպաստեն սեփական իմիջի բարձրացմանը։ Ըստ Պետրոսյանի՝ Հարավային Կովկասում առնվազն վերջին երկու տարիներին ի հայտ եկած իրողությունների պայմաններում Հայաստանը Սաուդյան Արաբիայի համար այլևս խնդրահարույց ուղղություն չէ։

Արաբագետը հիշեցրեց, որ հարաբերությունների կարգավորման փորձեր եղել են, և այդ համատեքստում հիշարժան են ԱՄԷ-ի ու Եգիպտոսի միջնորդությամբ փոխադարձ կապերի հարթման ջանքերը, ինչպես նաև ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա։  

«Մյուս կարևոր հանգամանքն Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, որովհետև Իրանը և Թուրքիան տասնամյակներ շարունակ եղել են Սաուդյան Արաբիայի մրցակիցը։ Իրանը մշտապես զգայուն է վերաբերվել հարևան երկրներում իր մրցակիցների դիրքերի ամրապնդմանը կամ հարաբերությունների զարգացմանը, մինչև որ ընթացիկ տարվա մարտից մեկնարկեց նաև Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, դեսպանատների և հյուպատոսությունների գործունեության վերականգնումը»,- նշեց Պետրոսյանը։ 

Թեև Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները դեռ լիարժեք կարգավորված չեն, սակայն դրան միտված գործընթացը, մեր զրուցակցի պնդմամբ, միանշանակ դրական իրողություն է։  Ըստ այդմ՝ չի կարելի բացառել նաև իրանական հարթակի օգտագործումը, և, եթե կա այդպիսի հնարավորություն, միանշանակ պետք չէ անտեսել։ Օրինակ՝ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը կարող է ԱԳՆ-ում հանդիպումների ժամանակ ակնարկել, որ Իրանի միջնորդությունը ցանկալի կլինի Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Իրանի կողմից նման ժեշտը կարող է դրականորեն ազդել երկկողմ և բազմակողմ կապերի հաստատման վրա»,-եզրակացրեց Պետրոսյանը։

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am