Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ

Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի 
մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ աշխատանքի ընթացքում բավականին սերտ կապի մեջ է նախկին արտգործնախարարներից Զոհրաբ Մնացականյանի հետ, բացի այդ ՝ երկրի համար օգտակար նյութ քաղելու նպատակով նաև փորձագետների հետ են քննարկում ծավալում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ նախկին ԱԳ նախարարները երկար տարիների արտաքին անվտանգային, բանակցային հարցերով զբաղվել են: Նա հետաքրքրեց, թե արդյոք Միրզոյանը փորձել է այդ անձանց հետ քննարկում անել, քանի որ նրանք երկար տարիներ աշխատել են ոլորտում և կարող էին իրենց փորձով, հաջողություններով ու անհաջողություններով կիսվել ու օգնել: «Պետությունը մեր բոլորինս է: Եվ կարծում եմ, որ ցանկացած նախարար, որ գալիս է պաշտոնի, հնարավորության դեպքում պետք է իր նախորդի փորձն ուսումնասիրի: Ոչ մեկս կատարյալ չենք, հնարավոր է որոշ խորհուրդներ, նրբություններ Ձեզ ասվեին, որ ի շահ պետության կլիներ»,-ասաց պատգամավորը:

«Նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ եմ, օրինակ, Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանից առաջ եղած նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ են գրում, նրանց մոտեցումներին, այսպես թե այնպես, մամուլից ծանոթանում եմ: Ցավոք սրտի, հնչեցվող դիրքորոշումները իրականության ադեկվատ ընկալում լինելուց  և ադեկվատ լուծումներ առաջարկելուց հեռու եմ համարում, հետևաբար շատ խոսակցության տեղ չկա: Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը ուղղակի լքեց մեր երկրի համար ամենադժվար ու մարտահրավերներով լի պահին: Չեմ հասկանում, թե այդտեղ ինչ կա քննարկելու: Մեկ ուրիշի դեպքում գուցե շահերի կամ հնարավոր լուծումների պատկերացումներ ընդհանրություններ դժվար եմ համարում»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց նաև, որ խոսակցություն են ծավալում նաև փորձագետների հետ, որոնց հետ հետապնդում են նույն, այսինքն՝ Հայաստանի շահերը, քիչ թե շատ մոտ պատկերացումներ կան և կարող են խոսակցություն ծավալել ու դրանից օգտակար նյութ քաղել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am