Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանը ՌԴ-ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանը ՌԴ-ին դուրս մղելու որևէ ազդակ 
Արևմուտքից չի ստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կամ Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին խոսեց մայիսի 22-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե տեղեկություններ ունի Արևմուտքը Հայաստանին ազդակներ է հղում, որ Ռուսաստանին դուրս մղեն իրենց տարածքից՝ խոստանալով, որ կապահովն Հայաստանի անվտանգությունը։

«Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, և չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում  է այդ թվում Ռուսաստանին։ Այսինքն, մենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Եվ կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նա անդրադարձավ Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությանը՝ հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։ Եռակողմ հայտարարության մեջ արձանագրվել է, որ միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն այդ պարտավորության խախտում է։ «Ռուսաստանն այդ միջանցքը պետք է պահեր, պետք է պահի իր վերահսկողության ներքո։ Նախկինում էլ մենք թե աշխատանքային մակարդակում, թե հրապարակային բազմիցս խոսել ենք Խծաբերդից մինչև Փառուխ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ի վերջո, եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը և արձանագրվել է շփման գծից ներս Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարտավորությունները, և մենք անընդհատ քաջալերել ենք, մեր կողմից ոչ մի խնդիր չենք ստեղծել, ինչով կարողացել ենք օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը չի ցանկանում, որ Արևմուտքը կամ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն դառնա ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում կարևոր կամ առանցքային գործոն։ «Մեր հարաբերությունների ամենակարևոր գործոնը մեր հարաբերություններն են՝ այն փոխադարձ պարտավորությունները, որ մենք ունենք իրար նկատմամբ։ Որքանո՞վ են կատարվում այդ պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն․ ամենատարբեր ոլորտներում՝ անվտանգության ոլորտում, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, Լեռնային Ղարաբաղում ում խաղաղապահների գործունեության հետ կապված։

Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել։ Եվ մենք կարծում ենք, որ դրան Ռուսաստանի արձագանքը պատշաճ չէր։ Ընդ որում, այդ մարդուն, որքան ես եմ տեղեկացված, հենց խաղաղապահներն էին համոզել, որ բարձրացիր, խնդիր չկա,մենք այստեղ ենք, կապահովենք քո անվտանգությունը, բայց այդ մարդը կես ժամ հետո սպանվել էր։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը։ Այսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո և խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Արևմուտքն այստեղ ի՞նչ կապ ունի»,- նշեց նա։

Փաշինյանը վստահեցրեց, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ գոյություն  չունի։ Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ արևմտյան գործընկերների հետ սկսել են քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերվող հարցեր, ինչը նախկինում չի եղել, քանի որ համարել են, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի։ «Երբ տեսնում ենք, որ այդ անվտանգային համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաև արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների հետ անվտանգության օրակարգի հարցեր քննարկում ենք»,-մանրամասնեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am