Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իսպանական հիմնադրամը Հայաստանում քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու հեռանկարներ է տեսնում

Իսպանական հիմնադրամը Հայաստանում քաղցկեղ և արյան հիվանդություններ 
ունեցող երեխաներին աջակցելու հեռանկարներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին համավարակի և պատերազմի հետևանքով կտրուկ նվազել էին քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու մինչև 25 տարեկան երիտասարդներին աջակցող «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» հիմնադրամին արվող նվիրատվությունները: Միջոցների սպառման եզրին կանգնած հիմնադրամին, սակայն, հետո ձեռք է մեկնել իսպանական «Ալադինա» հիմնադրամը՝ ապահովելով շահառու երեխաների շուրջ 2 ամսվա բուժման ամբողջ գումարը: 

«Այսպիսով նրանք օգնեցին  ոչ միայն կանխել հիմնադրամը փլուզումից, այլև օգնեցին փրկել հարյուրավոր հայ երեխաների, որոնք այդ պահին կանգնած էին դժվարին իրավիճակի առջև, քանի որ քաղցկեղը շատ ծախսատար բուժում է պահանջում, նաև հաշվի առնելով մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, ծնողները չեն կարողանում ամբողջությամբ հոգալ իրենց երեխաների բուժման ծախսերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հանրային կապերի և մարքեթինգի մենեջեր Թամարա Ափոյանը:  

«Ալադինա» հիմնադրամը հիմնադրել է կինոռեժիսոր Պակո Արանգոն: Այն Իսպանիայում գործում է շուրջ 15 տարի՝ աջակցելով քաղցկեղ ունեցող երեխաներին: Իսպանիայում քաղցկեղ ունեցող երեխաների բուժման հիմնական բեռը թեև պետության վրա է, սակայն հիմնադրամը տրամադրում է այլ տեսակի աջակցություն՝ միջոցառումներ է կազմակերպում, խաղասենյակներ նորոգում, տրամադրում հոգեբանական աջակցություն և այլն: Ակնկալվում է, որ «Ալադինա» հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի շարունակական: 

«Դա այն պահն էր, երբ մենք կարող էինք օգնել: Ուրախ ենք աջակցել դժվարին իրավիճակում գտնվող երկրների քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այս պարագայում խնդիրը պատերազմն էր: Դուք նաև ունեք համապատասխան ծրագիր, որին արժեր աջակցել»,- ասաց «Ալադինա» հիմնադրամի ղեկավար Իշտար Էսպեջոն:  

Հիմնադրամի ղեկավարը նշեց՝ հասկացել են, որ և՛ համավարակը, և՛ պատերազմը լուրջ մարտահրավերներ են Հայաստանի համար, որոնք էլ աջակցելու հիմնական պատճառն են դարձել:  

«Մենք իսկապես հույս ունենք, որ կարող ենք շարունակել օգնել: Մեր համագործակցությունը սովորաբար տևում է 2-3 տարի, այնուհետև մենք փորձում ենք աջակցություն ցուցաբերել այլ կազմակերպությունների, բայց մենք միշտ ասում ենք, որ սիրում ենք երկարաժամկետ գործակցություն: Այսպիսով, հանդիպելուց հետո հասկացանք, թե ինչ կարիքներ կա, և ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի իսկապես լավ համագործակցություն ստեղծվի ապագա նախագծերի մշակման համար: Այս պահին ես չեմ կարող ձեզ հստակ ասել, թե ինչպիսին կլինի առաջիկա համագործակցությունը, բայց ապագայույմ կիմանանք, թե որոնք են լինելու մեր աշխատանքի հաջորդ քայլերը»,- ասաց նա:  

«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Հիմնադրամի առաքելությունն է լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Հիմնադրամը 2022 թվականին ունեցել է 143 նոր շահառու, 89-ն՝ ավարտել է բուժումը, 265-ը՝ ստացել է աջակցություն: Ընդհանուր առմամբ ունեն գրանցված 609 շահառու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am