Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայ և գերմանացի գիտնականներն աշխատում են գինեգործության ոլորտում կիրառվելիք մեթոդների մշակմամբ

Հայ և գերմանացի գիտնականներն աշխատում են գինեգործության ոլորտում 
կիրառվելիք մեթոդների մշակմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրի կենսաինֆորմատիկայի հետազոտական թիմը՝ հայ և գերմանացի գիտնականների ներգրավմամբ աշխատում է գինեգործության մեջ կիրառվելիք կենսաինֆորմատիկայի մեթոդների մշակմամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լայպցիգի համալսարանի գիտնական, կենսաինֆորմատիկայի ուղղությամբ  հետազոտական թիմի գիտական ղեկավար, պրոֆեսոր Հանս Բինդերը նշեց, որ մեծ ոգևորվածությամբ պատրաստ է Հայաստանում գործընկեր գիտնականների հետ կիսվելու հետազոտություններում  ունեցած իր փորձով: Բինդերը ընդգծեց, որ Հայաստանի գիտնականների հետ համագործակցում է ավելի քան 10 տարի:

«Ես մոտ 20 տարի աշխատել եմ կենսաինֆորմատիկայի ալգորիթմական մոտեցումների մշակման ուղղությամբ, որոնք  կիրառվում են հիմնականում անհատականացված բժշկության ոլորտում: FAST-ի հետ համատեղ իրականացվող  նախագիծը խաղողի գենոմիկային ուսումնասիրման թեմայով է, որի միտքը առաջացել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում գործունեություն ծավալող գիտական խմբի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց գիտնականը: 

Նրա խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանը կարելի է համարել խաղողագործության զարգացման բնօրրան, որի շնորհիվ էլ այս թեմայով հետազոտության իրականացումը մեծ կարևորություն ունի: 

«Այս աշխատանքի հիմքում խաղողի գենոմի ուսումնասիրությունն է, հատկապես` դիմացկունության գեների հայտնաբերումը, որը մեզ անմիջապես կապում է արտադրության և գինեգործության հետ: Հայաստանի վայրի խաղողի տարբեր տեսակների  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  դրանք դիմացկուն են մի շարք հիվանդությունների նկատմամբ: Գտնելու դեպքում այն գեները, որոնք պատասխանատու են այդ դիմացկունության համար, դրանք կարող են առանցքային դեր ունենալ հենց արտադրության համար»,- ասաց պրոֆեսոր Հանս Բինդերը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը նշեց, որ ADVANCE դրամաշնորհային ծրագիրը FAST-ի ամենակարևոր նախագծերից  է, որն ուղղված է միջազգային գիտնականների և հայաստանյան հետազոտական խմբերի միջև կապեր հաստատելուն, որպեսզի միասին աշխատեն նորարարական և միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: 

«Ծրագրերն իրականացվում են կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, նեյրոգիտության, համակարգչային տեսողության, նյութագիտության, կենսաինֆորմատիկայի, դեղերի հայտնագործման, տվյալագիտության, ռադիոկենսաբանության, մաթեմատիկական վերլուծության ուղղություններով:  ADVANCE ծրագրի շահառու է ավելի քան 50 գիտնական Հայաստանից, ովքեր ընտրվում են բաց մրցութային կարգով»,- ասաց Վերոնիկա Աղաջանյանը:

Կենսաինֆորմատիկայի ուղղությամբ գործող հետազոտական թիմում բացի հայ հետազոտողներից ներգրավված են նաև չեխ և չինացի գիտնականներ:  Թիմի ավագ հետազոտող Մարիա Նիկողոսյանի խոսքով` սա շատ կարևոր փորձառություն է իրենց համար:

Անդրադառնալով իրականացվող հետազոտությանը՝ նա նկատեց, որ հայկական վայրի խաղողի ամբողջ գենոմի ուսումնասիրության արդյունքում ստացված գիտելիքները ապագայում հիմք կհանդիսանան մի շարք սելեկցիոն ծրագրերի մշակման համար:

Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանն էլ ընդգծեց, որ ծրագրի շրջանակում նշանակալի դեր է հատկացվում համալսարանների ու գիտական կենտրոնների հետ համագործակցությանը: Նպատակը նաև համալսարանների ներուժի զարգացումն ու տաղանդներին դեպի համալսարաններ բերելն է: 

«Գիտնականների կողմից ստեղծվող գիտական արդյունքը՝ միջազգային գիտական ամսագրերում հրապարակումները, որ իրականացնում են թիմերը, անմիջականորեն դրական ազդեցություն կունենան համալսարանների միջազգային վարկանիշի վրա: Կենսաինֆորմատիկայի ինստիտուտը ընտրել է ռազմավարական նշանակության երկու ուղղություն՝ մեկը առողջապահական ոլորտում կենսաինֆորմատիկան է, մյուսը՝ կենսատեխնոլոգիաների ոլորտը»,- ասաց նա: 

Նա նշեց, որ առողջապահության ոլորտում նրանք  աշխատում ենք մարդու գենոմի և բակտերիալ վարակների հետ, իսկ կենսատեխնոլոգիական ոլորտը հիմնականում հենց խաղողի գենոմիկայի նախագիծն է: Մասնագետի խոսքով՝ խաղողի գենոմիկայի նախագիծը շատ արագ զարգացավ երկու տարվա ընթացքում: 

«Նախագծից ակնկալիքները բավականին մեծ են, առաջին 4 տարում հիմնականում կլինեն գիտական հետազոտություններ ու հոդվածների տպագրություն: Ապագայում էլ բնականաբար նորարարության հիման վրա շատ հնարավոր է ծնվեն նոր ու հետաքրքիր ստարտափեր»,- եզրափակեց Լիլիթ Ներսիսյանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին հաջողակ ձեռնարկատերերի, գիտնականների ու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների կողմից, այդ թվում՝ Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Արթուր Ալավերդյանի և այլոց: Հիմնադիր տնօրենը Արմեն Օրուջյանն է:

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծմանը: FAST-ի գործունեության հիմնական ուղղություններն են` տվյալագիտություն և արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտաշինություն:  FAST-ը ձգտում է Հայաստանը տեխնոլոգիա սպառող երկրից վերածել տեխնոլոգիա ստեղծող երկրի: FAST-ի նպատակն է 2041 թվականին, երբ կլրանա ՀՀ անկախության 50-ամյակը, Հայաստանը մտցնել աշխարհում թոփ 10 նորարար երկրների շարքը: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն (Education), գիտություն (Research) և գիտական արդյունքի առևտրայնացում (Commercialization), խորքային փոփոխություններ բերելուն:

Հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս Սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանում գիտության զարգացման գործում: FAST-ն իր գործունեությամբ ձգում է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում արտասահմանյան փորձն ու գիտելիքը հասանելի դարձնել հայ մասնագետներին՝ միավորելով ու անընդհատ ընդլայնելով իր հետ գործակցող անհատների ու կազմակերպությունների ցանցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am