Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ստեփանակերտում մեկնաբանել են ակնկալիքները ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարից ու ռուսական կողմից

Ստեփանակերտում մեկնաբանել են ակնկալիքները ՌԴ խաղաղապահ զորակազմի 
նոր հրամանատարից ու ռուսական կողմից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո համառորեն և նպատակային ձգտում է հասնել Արցախը հայաթափելու իր վերջնանպատակին, որին ուղղված են վերջին տարիներին գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց ահաբեկումը, ՀՀ-ից մատակարարվող գազատարի, էլեկտրականության խափանումները, Արցախն արտաքին աշխարհին կապող ճանապարհի արգելափակումը:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջին անցակետի տեղակայելու դեպքին և ստեղծված իրավիճակին:

«Այդ՝ մեկը մյուսին հաջորդող գործողությունների շարունակությունն անցակետի տեղադրումն է: Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ արդեն դրոշ էլ են բարձրացրել կամրջին: Դրանով, ըստ էության, Արցախի խոր շրջափակման, ինչպես ասում են, վերջին քարը դրվեց: Բավականին ծանր կացության մեջ ենք հայտնվել՝ անկանխատեսելի հետևանքներով: Այնուամենայնիվ, ամեն հարց իր լուծման բանալին ունի: Առաջին հերթին պետք է փորձել մեր ներքին միասնականությունը պահպանել, մարտահրավերները հաղթահարել, փորձել որոշակի աջակցություն ստանալ Մայր հայրենիքի մեր հայրենակիցներից և Սփյուռքի հետ լոբբիստական աշխատանքի միջոցով տարբեր կառույցների, երկրների ղեկավարների վրա որոշակի ազդեցություն ունենալ, որովհետև մենք անմիջապես այդ հնարավորությունը չունենք: Իհարկե, այստեղ ամենամեծ անելիքը ռուս խաղաղապահներից է՝ ըստ էության, համաձայնագիրն էլ է դա ենթադրում: Կարծում եմ, ռուսական կողմի հետ ևս որոշակի աշխատանք պետք է տարվի՝ իրավիճակը շտկելու առումով»,-համոզմունք հայտնեց Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությունից ունեցած ակնկալիքներին, ապա ըստ Բալայանի, ընդհանուր առմամբ, հրամանատարից, հարցի վերաբերյալ նրա մոտեցումներից շատ բան է կախված: «Ադրբեջանը փորձում է ուժային մեթոդներով հարցերը լուծել: Կարծում եմ՝ համարժեք գործողություներ պետք է լինեն նաև ռուսական կողմից: Ամենակարևորն այստեղ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումն է: Ինչպես ասում են, Մոսկվայում պետք է ծնվեն որոշումները, որպեսզի զինվորականությունն իրագործի: Ռուսական իշխանությունների հետ պետք է որոշակի աշխատանք տարվի, ներկայացվի իրականությունը, որովհետև շատ դեպքերում ռուսական կողմը, ինչպես նաև միջազգային հանրությունը լիարժեք տեղեկատվություն չեն ստանում: Այն, ինչ կատարվում է, դրանցից բխող վտանգները պետք ներկայացվեն»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ի՞նչ հնարավոր վտանգներ է պարունակում ադրբեջանական անցակետի տեղադրումը, պատգամավորը պատասխանել է, որ ադրբեջանցի զինվորի այնտեղ կանգնելը կնշանակի հոգեբանական ճնշումներ, սադրանքներ և այլն: «Փորձում են այնպիսի կացություն ստեղծել, որ արցախցիների համար անհնարին դառնա հայրենիքում ապրելը: Եթե այդպես չլիներ, գոնե կհարգվեր Ադրբեջանի ղեկավարի կողմից ստորագրված հայտարարությունը, որտեղ հստակ ձևակերպված է, որ 5 տարի միջանցքի պատասխանատվությունը ռուսական կողմի վրա է: Բայց այդ 5 կիլոմետրանոց միջանցքը մինչև շրջափակումն էլ չի պահպանվել: Անընդհատ խնդիրներ են առաջացել»,- ընդգծեց Բալայանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է գործնականություն հաղորդի Արցախյան հիմնախնդրի հետ կապված իր հայտարարություններին: «Ադրբեջանցիները բացահայտ ասում են, որ այդ հայտարարությունները որևէ նշանակություն չունեն իրենց համար: Ընդհանրապես, վերջին տարիներին աշխարհակարգը փոխվել է: Եթե նախկինում կար որոշակի հարգանք, վերաբերմունք միջազգային կառույցների, դրանց որոշումների նկատմամբ, ապա այսօր բոլոր հարցերը, ցավոք, լուծվում են ուժի դիրքից: Սա խոսում է այն մասին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգն իրեն սպառել է: Ինչպե՞ս հասկանալ, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումն իրականացնելու համար որևէ քայլ չկատարվի: Նույնիսկ հրապարակային հայտարարեն, որ չեն հետևելու այդ որոշումներին»,-եզրափակեց Վահրամ Բալայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am