Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը

Մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են  Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Վրաստանը. կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից 7-ը՝ միջազգային ծրագրում։ Միջազգային ծրագրում հանդես կգան Անտոն Մոզգալյովը՝ «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան՝ «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան՝ «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն՝ «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը՝ «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին՝ «Ագնեսը. Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով: Տեղական ծրագրում հանդես կգան Վարսենիկ Ավանյանը՝ «Սպասում», Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա»,  Մարիամ Մանոն՝ «Ապրե´լ», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները» մոնոներկայացումներով: «Համլետի երազները» մոնոներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին. այն բեմադրիչի վերջին աշխատանքն է։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս տարվա ծրագիրը բավական հագեցած է: Առանցքում հայ երիտասարդ բեմադրիչներն են, դերասանները, դրամատուրգները:

«Փառատոնի համար դա առանցքային է: Խնդիր է դրված մեր հանդիսատեսի համար ճանաչելի դարձնել մեր դերասաններին, բեմադրիչներին: Մեր երկրի համար դժվար պահերին անհրաժեշտ է, որ հանդիսատեսն ավելի լավ ճանաչի ու գնահատի մեր ստեղծագործողներին»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Փառատոնի շրջանակներում ներկայացումների ցուցադրությունը չի սահմանափակվելու մայրաքաղաքով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի մյուս քաղաքների թատերասերները մասնակցելու հնարավորություն կունենան: Ներկայացումներ ցուցադրվելու են նաև Գյումրիում և Աբովյանում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

«Մենք համագործակցում ենք tatron-drama.am կայքի հետ: Եվ այդ համագործակցության շրջանակում նախատեսում ենք անցկացնել նաև հատուկ նախագիծ՝ թատերական ընթերցումներ՝ «Բաժանություն հայկական ձևով» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր: Բեմադրիչը Տաթև Ղազարյանն է»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Համագործակցության նոր հնարավորություն է բացվում Լեհաստանի գործընկերների հետ: Փառատոնի շրջանակում Հայաստանում է «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների թատերական փառատոնի տնօրեն Մարեկ Կոլովսկին Լեհաստանից: Նա վարպետության դաս է անցկացնելու տեղի երիտասարդ մասնագետների հետ:

«Մեծ ուրախությամբ եմ մասնակցում «Արմմոնո» փառատոնին: Իմ ցանկությունն է, որ Լեհաստանի դեբյուտային երիտասարդ դերասանները կարողանան իրենց մասնակցությունն ունենալ փառատոնին: Ամեն ջանք գործադրելու եմ, որ գան այստեղ բեմադրեն լեհական ներկայացումներ: Սա իմ առաջին համագործակցությունն է լինելու «Արմմոնո» փառատոնի հետ»,-ասաց Մարեկ Կոլովսկին:

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոնների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։ Փառատոնն անցկացվելու է մինչև մայիսի 17-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am