Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ԱԺ հանձնաժողովի 
նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի քննարկումների դահլիճում 2023թ․ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11։15-ի սահմաններում, նիստը նախագահող, ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին ուղղված խոսքը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ներկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

«Մասնավորապես՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վ․ Վարդանյանին, քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Վ․ Վարդանյանին և հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տրվել է համաձայնություն:

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am