Հասարակական

Կառավարությունն ավելի քանի 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքում 40 կրթահամալիր ստեղծելու համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն ավելի քանի 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքում 40 կրթահամալիր ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն ավելի քան 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դեռևս նախորդ տարի վարչապետի որոշմամբ հաստատվել է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների ապահովման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Սյունիքի գյուղական բնակավայրերում ստեղծել կրթահամալիրներ, որտեղ երեխաների և մեծահասակների համար կիրականացվեն թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, թե՛ ոչ ֆորմալ կրթության ծրագրեր ։ Կրթահամալիրները հագեցված կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, կունենան մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր՝ կրթահամալիրը դրանով իսկ վերածելով համայնքային կենտրոնի»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ առանձնացվել են 40 գյուղական բնակավայրեր, որտեղ կգործեն կրթահամալիրները։ Դրանք կծառայեն նաև իբրև կրթական կենտրոններ՝ շրջակա բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ նպատակով գնված և օգտագործվող տրանսպորտային միջոցներով՝ ուղեկցորդի ուղեկցությամբ։ Աշխատանքների ընթացքում կազմվել են նաև շրջակա բնակավայրերից կրթական համալիրներ տանող երթուղիները։

«40 կրթահամալիր ստեղծելու նպատակով նախատեսվում է հատկացնել ավելի քան 440 միլիոն դրամ»,- նշեց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում