Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ և պայմանավորվածությունների կոպիտ խախտում․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ և պայմանավորվածությունների կոպիտ 
խախտում․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել․ նա բացահայտ, բառացի ասել է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և բարձագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել։ Ինչու՞, որովհետև  2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է․ « Հայաստան ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։ Սա հայտարարություն է, որն ընդունվել է նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից։ Նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է․ « Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝  համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է այն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։

Վարչապետը հավելեց, որ բարձագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, և թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պամանավորվածությունների իրագործման համար բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am