Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացին․ Միրզոյան

Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության 
գործընթացին․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը աշխատում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացած առաջարկների ուղղությամբ, առաջիկայում կլինեն հայկական կողմի առաջարկները և արձագանքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք պարունակում էին սպառնալիքներ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին զուգահեռ։

«Երևույթը, որի մասին դուք խոսեցիք, նոր չէ։ Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին է, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը և մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի  ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները։ Դրան ականատես ենք եղել սեպտեմբերին 13-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Դրան ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ։ Եվ այս երևույթը, ցավոք, շարունակվում է։ Ավելին, վերջին շրջանում էլ ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղղակի սպառնալիքները։ Հիշում եք, որ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ չեն ապրելու, եթե չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, այս հռետորաբանությունը կա։ Միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա և առաջիկայում,բնականաբար, կլինեն, մեր առաջարկները և մեր արձագանքը։

Անշուշտ, ավելորդ է անգամ ասել, որ նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին և շարունակելու են բանակցել երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]