Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-10/23. Րաֆֆի, Սիմենոն, Սարիբեկյան, Հարարի

«Նոր գիրք»-10/23.  Րաֆֆի, Սիմենոն, Սարիբեկյան, Հարարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն . Րաֆֆի, «Դավիթ Բեկ»

331530031_1730453350702645_5389171601601471419_n.jpg (98 KB)

Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպն արտացոլում է 18-րդ դարի սկզբին Սյունիքում ձևավորված ազատագրական շարժումը: Հանձին Դավիթ Բեկի և նրա գլխավորած շարժման՝ Րաֆֆին գեղարվեստականացնում և կարևորում է ազգային անկախ պետականության գաղափարը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն. Ժորժ Սիմենոն, «Կոմիսար Մեգրե. Լատվիացի Պետերը»

325509989_6736223599734047_2017879476341713382_n.jpg (107 KB)

«Լատվիացի Պետերը» վեպն ընդգրկվել է «Լը Մոնդ» օրաթերթի՝ «Դարի լավագույն գրքերի» հարյուրակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1931թ. մայիսին: Սիմենոնի առաջին «Մեգրեն» լավագույնս նկարագրում է ֆրանսիացի խուզարկուի՝ ոչ բոլորին հատուկ տոկուն ու համբերատար բնավորությունը: Ի տարբերություն մյուս քննիչների, ովքեր գործի են դնում առավելապես իրենց դեդուկտիվ հմտությունները, Մեգրեն առաջնորդվում է հոգեբանական կանխազգացումներով: Լատվիացի Պետերի առեղծվածը բացահայտելիս նույնպես խուզարկուն անդավաճան էր իր մեթոդներին՝ սպասել, սպասել. սպասել, մինչև դիմակը կպատռի հենց ինքը՝ հանցագործը: Տարիքը, ըստ երևույթին, 32, հասակը՝ 169… Ֆրանսերենից թարգմանեց Ալինա Սանամյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Զառա Սարիբեկյան, «Մանուկների մոլորակ»

333654334_1142933413007881_1748009302971567835_n.jpg (382 KB)

Զառա Սարիբեկյանի մանկական երգերի ժողովածուում տեղ են գտել այնպիսի երգեր, որոնք կօգնեն սովորեցնելու փոքրիկներին երգել, ուրախ ու աշխույժ կդարձնեն դասապրոցեսը տարրական դասարաններում։ Որոշ երգերի միջոցով աշակերտները հեշտությամբ ու հաճույքով կսովորեն տառերը, կկարողանան հաշվել ու գումարել։ «Մանուկների մոլորակը» անփոխարինելի օգնական կդառնա նաև արտադասարանական միջոցառումների ժամանակ։ Գրքում կգտնեք երգեր, որոնք կգեղեցկացնեն ամենատարբեր ցերեկույթները։ Երգերի ժողովածուում, երգի բառերից ու նոտաներից բացի, կա QR կոդ, որի միջոցով կարող եք լսել երգը «Մանուկների մոլորակ» գեղագիտական կենտրոնի սաների կատարմամբ։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն . Յուվալ Նոյ Հարարի, «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը»

332499565_752938622822759_5789419868897658834_n.jpg (102 KB)

«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում են դյուրըմբռնելի տեքստերով: Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am