Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հին ու նոր երգեր, խելահեղ էներգետիկա. «Նեմրա»-ն մենահամերգով տոնեց հիմնադրման 11-ամյակը

Հին ու նոր երգեր, խելահեղ էներգետիկա. «Նեմրա»-ն մենահամերգով տոնեց 
հիմնադրման 11-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին ու նոր երգեր, խելահեղ էներգետիկա, անմոռանալի ապրումներ… «Նեմրա» ռոք խումբը մեծ համերգային ծրագրով տոնեց հիմնադրման 11-ամյակը՝ «Նեմրա» մոլորակում համախմբելով և՛ երիտասարդ, և՛ հասուն, և՛ հայ, և՛ օտարազգի երկրպագուներին: Նրանք խմբի հետ հավասար կատարում էին բոլոր երգերը, ինչն էլ առավել ոգևորում էր երաժիշտներին:

«Արմենպրես»-ի նկարահանող խումբը ներկա է եղել համերգին, զրուցել երաժիշտների հետ և փորձել փոխանցել այն դրական հույզերը, որ տիրում էին «Պլատֆորմ» հարթակում:

«Զգացողություն է, որ այս 11 տարիներն ուղղակի սկիզբն էին, և հիմա ամեն ինչ նոր է սկսվում: Տասնմեկ տարվա ընթացքում սերտաճել ենք, երաժշտական առումով շատ լավ ենք սկսել իրար հասկանալ ու չորսս մեկ ամբողջություն ենք դարձել: Կարծում եմ՝ ամենադրականը դեռ առջևում է»,-նշում է խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը:

Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը, Մարիաննա Կարակեյանը (բեք-վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Վասպուր Եղիազարյանը (բեք-վոկալ, բաս կիթառ)  և Մարեկ  Զաբորսկին (հարվածային գործիքներ), ովքեր սովորաբար համերգից առաջ փորձում են հավաստիանալ, որ գործիքները լավ վիճակում են, որ կարող են պատշաճ երգել ու հատկապես բարձր տրամադրություն ապահովել:

Վանի խոսքով՝ լիցքավորվում են դրական տրամադրությամբ, մի քիչ էլ էներգախնայող են դառնում:

«Նեմրա»-ի երգացանկը հարուստ է. ունեն ինչպես հեղինակային, այնպես էլ հայկական ժողովրդական և այլ երգերի քավր տարբերակներ, որոնք շատ են սիրվել, բայց խմբի անդամներից յուրաքանչյուրն իր նախասիրություններն ունի:

Վասպուրը սիրում է նոր երգերը, բայց կարևորում է նաև հին երգերը, որոնք լավ հիշողություններ են արթնացնում: Վանն ու Մարիաննան կատակով նշում են, որ սիրում եմ այն երգերը, որոնք հանդիսատեսն է երգում, և այդ ընթացքում իրենք հանգստանում են: Ըստ Մարեկի՝ նոր երգերը  նոր շունչ են բերում, բայց չի մոռանում հին երգերը, որոնք արդեն դասական են, որոնք բոլորն են սիրում:

Խմբի երգերի թեմաները վերցված են «Նեմրա»-ի անդամների անձնական կյանքից և համամարդկային արժեքների մասին են՝ անկեղծության, արդարության, ազատության… Ստեղծագործելիս ևս աշխատում են լինել ազատ և անկեղծ թե՛ իրենց, թե՛ երկրպագուների հետ:

«Արել ենք այն, ինչ մեզ դուր է գալիս, այն, ինչ սիրում ենք: Գլխավոր նպատակը դա է եղել: Չենք մտածել ոլորտը զարգացնել կամ կրթել երիտասարդներին, սակայն ակամայից և՛ մեկն է եղել, և՛ մյուսը»,-ասում է Վանը:

Շուրջ 2,5 ժամ տևած համերգին դահլիճում ներկաները չէին դադարում երգել խմբի հետ, չէին դադարում ծափահարել, գոռալ և պահանջել, որ «Նեմրա»-ն հնչեցնի իրենց սիրած երգերը: Երկրպագուները բերել էին նվերներ, փուչիկներ, անընդհատ  նկարահանում էին գեղեցիկ երեկոյի յուրաքանչյուր դրվագ և լուսանկարվում սիրելի երաժիշտների հետ:

«Նեմրա»-ն տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, ձայնագրել տասնյակ երգեր և թողարկել երկու ալբոմ, սակայն երաժիշտները մեծագույն ձեռքբերում են համարում իրենց երկրպագուներին, որոնց «նեմրացիներ» են անվանում:

«Այսքան տարի մեր կողքին են եղել մեր երկրպագուներն ու երգերը, մնացյալ ամեն բան մեր շուրջ փոխվել է, բայց հավատարիմ երկրպագուները օր օրի շատանում ու մնում են մեր կողքին»,-շեշտում է Վանն ու հավելում՝ խումբը չի դադարի հաճելին մատուցել երաժշտասերներին և առաջիկայում ևս կներկայանա համերգներով:

Նախատեսում են հանդես գալ արտերկրում, նոր տեսահոլովակ են պատրաստում և աշխատում են երրորդ ալբոմի վրա:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am