Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԱՄՆ-ից հայտնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող բանակցությունների մասին

ԱՄՆ-ից հայտնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող 
բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետն անդրադարձել է այն առաջընթացին, որ, ըստ Վաշինգտոնի, կողմերը գրանցել են վերջին ամիսների շփումների արդյունքում:

«Սա (խմբ.՝ առաջընթացը) եղել է կողմերի միջև շփումների արդյունքում: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների արդյունքում, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակներում», - ասել է Նեդ Փրայսը:

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք պետքարտուղարությունը չափազանց լավատեսական չէ, երբ արձանագրում է «զգալի առաջընթաց» կողմերի միջև՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները:

«Մեր լավատեսությունը չափից դուրս չէ… Մենք շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը, որը կտանի դեպի համապարփակ լուծում», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am