Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան

Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև 
կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մյունխենում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ադրբեջանական կողմից ստացվել է հավաստիացում, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում:

Նա հայտնեց, որ ի սկզբանե, երբ նախաձեռնվել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն Ադրբեջանի հետ, եղել է ընկալում և պայմանավորվածություն՝ այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով, մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման, կարճ ասած՝ խաղաղության պայմանագրի շուրջ, մյուսը՝ ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂ-ում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը:

«Եվ տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց: Եվ Մյունխենում, ի դեպ ոչ միայն պանելային քննարկմանը, այլ նաև Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա»,-ասաց Միրզոյանը:

 ԱԳ նախարարը հավելեց՝ մյուս կողմից հայկական կողմը վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել է, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, հետո այդ դիրքորոշումներից տեղի է ունենում նահանջ՝ ընդհուպ մինչև ստորագրված ու հանրահայտ պայմանավորվածություններից:

ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այս անգամ այդ դեպքը չի լինի, և Ադրբեջանի կողմից չի լինի նույն վարքագիծը՝ այսինքն` նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am