Քաղաքականություն

Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո

2 րոպեի ընթերցում

Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի համար խորթ չէ այն վիշտը, որն ավերիչ երկրաշարժի հետևանքով այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ, քանի որ 1988 թվականին նույն ողբերգությանը բախվել է հայ ժողովուրդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասաց Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:

«Եվս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ: Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ: Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց փրկարարներ և հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա: Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին՝ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ, հաջողվել է փրկել մարդկային կյանքեր»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նաև խորհրդանշական է համարել, որ փետրվարի 11-ին շուրջ 30 տարի փակի տակ գտվնող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղարկվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: «Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման»,-ասաց Միրզոյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում