Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ 
ռուսական կողմի հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ռուսական կողմի քննադատությանը ։

«Մեզ որևէ մեկը որևէ բան չի կարող պարտադրել։ Այս համատեքստում՝ Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել։ Այդ առաքելության տեղակայումը հայկական կողմի որոշումն է եղել։ Կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։ Ի՞նչ նկատի ունեմ. 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, լայնածավալ հարձակում է տեղի ունեցել նաև անցած տարի սեպտեմբերին։ Եվ հաշվի առնելով այն փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը, որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը »,- ասաց Գրիգորյանը, նկատելով, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հավելյալ անվտանգության երաշխիքներ կստեղծի։

ԱԽ քարտուղարը նշեց, որ չի կարող Մոսկվայի տեղը պատասխանել նրանց մտահոգությանը վերաբերող հարցերին։

«Մենք, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները, բացատրում ենք, թե ինչի ենք այս քայլերը կատարել»,- նշեց Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am