Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի․ վարչապետ

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին 
աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը համաձայնեց Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն՝ ոչ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ մամուլում տեղ գտան հրապարակումներ, որոշ դեպքում շահարկումներ այն մասին, թե ինչպե՞ս և ինչու՞ ՀՀ կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ։ Ըստ պատգամավորի՝ որոշ շրջանակներ ավելի հեռու անգամ գնացին` փորձելով աշխարհաքաղաքական երանգներ տալ թեմային։ Գրիգորյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչ կարծիք ունի նա այս հարցի շուրջ։

Վարչապետը համաձայնեց պատգամավորի հետ, նշելով, որ թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում՝ Հայաստանի փորձագիտական շրջանում, որովհետև հարցնում են, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ եվրոպական դիտորդական առաքելությունը ժամանում է։

«ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր․ քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որը ընդունվել է դեռևս 2010 թվականին, որտեղ հստակ գրված են գործողությունները, բայց, միևնույն ժամանակ, կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Մյուս կողմից՝ ինչու՞ է հնարավոր դարձել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործուղումը, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության քարտեզը սա է կամ մենք ենք ասել, նրանք ընդունել են ի գիտություն և հաստատել են։ Իրենք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու, դիտելու»,- պարզաբանեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց՝ առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չի, թե իրենք ինչ են դիտարկելու։

«Հարցը առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչպե՞ս է ինքը դիտարկելու՝ օկուպացված է Հայաստանի Հանրապետության տարածքը, թե՞ ոչ։ Սա ամենակարևոր խնդիրն է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ մինչև Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը՝ Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետը ավելի ու ավելի շատ Ռուսաստանի զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը, իր խոցելիությունները կառավարելու համար։

«Այս գործընթացը շարունակվում էր։ Ընդ որում, արդեն ասել եմ, որ Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության» մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից։ Քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և Արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, ասելով, թե դուք փաստորեն պատրաստվում եք ագրեսիվ գործողությունների, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, ցանկանալով հավասարակշռել իրավիճակը։ Հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք դիտարկեք այդ ամեն ինչը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Անկյունաքարային դրույթը նա է, որ աշխարհաքաղաքական ենթատեքստ, բնականաբար, այս ամեն ինչում չկա։ Կա կոնկրետ օրակարգ, կա կոնկրետ հարց, որը փորձում ենք լուծել»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am