Ծրագրավորող-դիզայներ հաղորդակցությունը հեշտացնելու համար հայկական Stylebit ստարտափը հարթակ է մշակել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրավորող-դիզայներ-պրոդուկտ մենեջեր կապը պարզեցնելու, ավելորդ ու ժամանակատար ժողովներն ու հանդիպումները նվազեցնելու նպատակով հայ հիմնադիրները դիզայնի համակարգի ավտոմատացման հարթակ են ստեղծել: Stylebit թույլ է տալիս հեշտությամբ ինտեգրել արդեն իսկ գոյություն ունեցող դիզայնի համակարգը միասնական աշխատանքային հոսքում, որը հեշտացնում ու արագացնում է ամբողջ թիմի աշխատանքը։
«Կատարում ենք դիզայն համակարգի ավտոմատացում: Դիզայնի համակարգն իրենից ներկայացնում է բոլոր տեսակի գույները, ֆոնտեր և այլն: Մենք ավտոմատացնում ենք դրա հասանելիությունները կոդի մեջ: Եթե դիզայները մեր հարթակի միջոցով սինքրոնիզացրել է դիզայն համակարգը կոդի հետ ու պատրաստվում է փոփոխություն անել, ծրագրավորողի հետ հանդիպման կարիք չկա: Այդ ամենը կատարվում է ավտոմատ՝ հնարավորություն տալով դոկումենտացնել: Արագանում է դիզայներ-ինժեներ կապը՝ թույլ տալով խնայել ժամանակ և նյարդեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ստարտափի համահիմնադիր Խաչատուր Վիրաբյանը:
Հարթակը ստեղծելու գաղափարը երեք ընկերները՝ Խաչատուր Վիրաբյանը, Մովսես Սապոնջյանը և Հովհաննես Ղևոնդյանը ունեցել են դեռ 2018 թվականից: Սկզբում հարթակի նախնական տարբերակն են ստեղծել. թեստավորել են՝ հասկանալով հարթակի թերությունները: Ոչ շատ ուշ՝ 2022 թվականի սկզբին, մշակել են հարթակի ներկա տարբերակը:
«Քանի որ երեքս էլ ծրագրավորողներ ենք, շատ էինք բախվում դիզայներ-ինժեներ ժամանակատար քննարկումների խնդրին: Հասկացանք, որ խնդրին լուծում է անհրաժեշտ»,- նշեց համահիմնադիրը:
Ստարտափի հիմնադիրները հարթակը զարգացնելու շանսը բաց չթողնելով՝ նոր գաղափարի վրա են աշխատում:
«Դիզայնը կատարվում է Figma-ում, ծրագրավորումը՝ GitHub-ում կամ այլ կոդավորման հարթակում: Մեր գործը դրանց մեջտեղում է: Երբ դիզայները վերջացնում է իր աշխատանքն ու մեր հարթակի միջոցով հանձնում այն ինժեներներին, մենք դիզայնից առանձնացնում ենք ինժեներների անելիքները, դիզայների կողմից գրված դոկումենտացիան: AI համակարգն էլ հեշտացնում է դիզայների կողմից դոկումենտացիա գրելու գործընթացը»,- ներկայացրեց Վիրաբյանը:
Ստարտափը նախասաղմնային ներդրումներ է ներգրավել Formula, BigStory վենչուրային ֆոնդերից: Stylebit-ը B2B SaaS հարթակ է: Հիմնական թիրախային շուկան հենց ընկերություններն են:
«Հարթակը հասանելի է. արձագանք ստանալու կարիք ունենք: Առիթն օգտագործելով՝ հորդորում եմ մեր հայ դիզայներներին գրանցվել ու ստուգել հարթակի գործառույթները: Կարևորում ենք յուրաքանչյուր «ֆիդբեք»»,- նշեց համահիմնադիրը:
Առաջիկայում ստարտափը պաշտոնապես շուկա դուրս կգա, որից հետո կմտածեն թիմն ընդլայնելու մասին: Հիմնադիրները այս տարվա սեպտեմբերին սաղմնային ներդրումները ներգրավելու նպատակ ունեն:
Կարինե Տերտերյան