Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը, որն օրերս հեռախոսազրույցի ընթացքում Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանից տեղեկացել է տեղում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Շուրջ 120 հազար հայեր զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է նաև առանց ջեռուցման և էլեկտրական հոսանքի: Եթե սա շարունակվի, ապա հումանիտար աղետ կարող է առաջանալ: Մենք պետք է հստակ դարձնենք Ադրբեջանի համար, որ հայ ժողովրդին ուժով իրենց կամքը պարտադրելն անընդունելի է: Եվ ես վարչակազմին կոչ եմ անում համոզվել, որ Արցախի ժողովրդին օգնություն պետք է հասնի», - ասել է կոնգրեսական Սանչեսը:

Նա նաև ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

«Այսօր իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անմարդկային պայմաններում և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ այնպես անելու, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար», - եզրափակել է Լինդա Սանչեսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում