Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վերահսկում է Սոլեդարը, Ուկրաինան պնդում է, որ մարտերը շարունակվում են

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վերահսկում է Սոլեդարը, Ուկրաինան պնդում է, որ 
մարտերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սոլեդար քաղաքը, որը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունները շարունակելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցի ընթացքում:

«Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել Արտյոմովսկ քաղաքից հարավ-արևմուտք տեղակայված ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները, այնուհետև արգելափակել և շրջապատել այնտեղ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները», - ասել է Կոնաշենկովը:

Նա հավելել է, որ Սոլեդարը գրավել հնարավոր է եղել ռուսական ուժերի գրոհային և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հակառակորդին մշտական կրակային հարվածներ հասցնելու շնորհիվ:

Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հաստատել Սոլեդարի գրավման մասին տեղեկությունները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականին հայտնել էր, որ Սոլեդարում և Բախմուտում իրավիճակը չափազանց ծանր է:

«Արդեն մի քանի ամիս մարտեր են ընթանում, սակայն մեր մարտիկներին հաջողվում է պահել դիրքերը», - ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմը հսկայական կորուստներ ունի այնտեղ:

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն իր Telegram-ալիքում այսօր առավոտյան հայտնել էր, որ Սոլեդարում «գիշերը թեժ է եղել, մարտերը շարունակվում են»:

Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չրևատին իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գերակշռում են, սակայն ուկրաինացի զինվորականները մարտնչում են հենց քաղաքի ներսում:

Սոլեդար քաղաքը հայտնի է իր աղի հանքերով, որի պաշարները գրեթե անսպառ են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am