Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այս տարի կհիմնանորոգվի Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի «Լամբադա» կամուրջը. Քաղաքապետարան

Այս տարի կհիմնանորոգվի Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ 
տրանսպորտային հանգույցի «Լամբադա» կամուրջը. Քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի համայնքային բյուջեից 137 մլն դրամ հատկացվեց Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմանը: Ծրագրում ընդգրկված էր «Լամբադա» կամրջի ստորգետնյա հատվածը: 

«Ինչպես Երևանի մյուս ստորգետնյա անցումները, այս անցումը ևս ծառայում էր հիմնականում որպես սանհանգույց և ամբողջովին քայքայվել էր: Ջրահեռացման խնդիր ևս ունեինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը: 

Հաշվի առնելով ծրագրի ծավալն ու խիտ երթևեկությունը՝ շինբարեկարգման աշխատանքները կազմակերպվել են փուլ առ փուլ: Կամրջի վրա երթևեկությունը փակվում էր հատվածաբար, չորս տեղամասի բաժանված շինհրապարակում գործընթացն ընդգրկում էր մի շարք ուղղություններ: 

«Առաջին փուլով վերանորոգվեց ստորգետնյա հետիոտնային անցումը՝ հիմնականում սալիկապատում էր, ջրահեռացում, լուսավորության կազմակերպում և սանհանգույցների կառուցում»,- նշել է Խորեն Գրիգորյանը: 

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ - Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում համայնքը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ փոխվել է նաև երթևեկության կազմակերպումը: Հանգույցի ստորին հատվածում  կազմակերպված է շրջանաձև երթևեկություն:

«Վերանորոգմանը զուգահեռ փոխվել է երթևեկության կազմակերպումը: Մինչ այդ տրանսպորտային հոսքերի մեծ կուտակումներ կային Կոմիտասի պողոտայի կողմից: Եթե նախկինում տրանսպորտային միջոցը հանգույց մտնելու և ազատելու համար պարտավոր էր երկու տեղում զիջել այլ տրանսպորտային միջոցի, ապա այժմ դա անում է ընդամենը մեկ անգամ: Այսպիսով, բավականին թեթևացավ հոսքը Կոմիտասի պողոտայի կողմից»,- նշել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: 

Կամուրջների սպասարկման ծրագրով որոշում է կայացվել ընթացիկ տարում  հիմնանորոգել նաև բուն «Լամբադա» կամուրջը: Ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ կամուրջը ոչ միայն նորոգման, այլև ամրացման կարիք ունի:
«Նախատեսում ենք կամրջի ամրացում, հեծանների նորոգում կամ փոխարինում: Հիմնականում ջրահեռացման համակարգը հիմնանորոգելու կարիք կա: Ասֆալտի շերտը հանելուց հետո վերանորոգվելու են հեծանները, հետո կսկսվի ասֆալտապատումը: Համակարգն ամբողջությամբ նորացվելու է, որովհետև եթե հիմնովին չնորոգենք, ապա ջրերի հոսքը շատ արագ մեր այս տարվա նորոգածը  նախկին վիճակի կբերի:  Փուլային գործ է սա: Նկատի ունենանք, որ չենք կարող այս հատվածի երթևեկությունն ամբողջությամբ փակել, որովհետև այս հատվածի երթևեկությանը չխաթարելու խնդիր էլ ունենք: Այս պահին արդեն նախագծման հայտ ենք տվել, որպեսզի կարողանանք ամբողջովին ավարտել Դավիթ Անհաղթ-Ազատության և Կոմիտասի պողոտաները կապող այդ հատվածի հիմնանորոգումը»,- ընդգծել է Խորեն Գրիգորյանը: 

Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները կապող տրանսպորտային և հետիոտնային բազմահարկ այս համալիրը կառուցվել է 1980-ական թվականներին: Ուղեանցի ընդհանուր երկարությունը 181 մետր է։ Տարիների ընթացքում կամրջային ինքնատիպ կառուցվածքով այս հանգույցը ժողովուրդն անվանել է «Լամբադա»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]