Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան

Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ 
պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մենք պետք է մեր անձնական օրինակով ու քայլերով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեսակետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել Արցախը պահպանելու ուղղությամբ:

 «Ես ու իմ ընկերները, կուսակիցները, Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները շարունակելու ենք մեր այդ առաքելությունը՝ պահպանել Արցախը։ Հիմա մենք մեր պատմության ամենաբարդ փուլում ենք գտնվում, և 2023 թվականը շատ կարևոր ժամանակահատված է լինելու մեզ համար: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս պետք է այս կարևորությունը դիտարկենք։ Ես շարունակելու եմ մեր ժողովրդին և պետականությանը ծառայել ինչով որ կկարողանամ, ես ունեմ մի շարք ծրագրեր և  կփորձեմ ավելի հաճախ նման հանդիպումների միջոցով շփվել  և դրանց մասին տեղեկացնել հանրությանը։ Բայց այն, որ անմնացորդ կապված եմ պետությանն ու ժողովրդին դա միանշանակ է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից։ Ըստ իս՝ դիրքը մեկը պետք է լինի՝ ազգի ճակատագրի խրամատը»,- ասաց Բաբայանը։

Նա ընդգծեց, որ հիմա չափազանց կարևոր է  լինել միասնական: «Մենք պետք է նաև անձնական օրինակով ցույց տանք՝ ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ մեր անձնական օրինակով ու քայլերով՝ պարզապես պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս երկու տարիների ընթացքում Արցախի ԱԳ նախարարությունը ահռելի աշխատանքներ է իրականցրել արտերկրում և սփյուռքում՝ մի շարք կարևորագույն հաջողություններ գրանցելով միջազգային տարբեր ատյաններում: Արցախի վարկանիշը Սփյուռքում վերջին տարիներին չափազանց բարձր է, և սա նաև արտաքին գործերի նախարարության և  ներկայացուցիչների աշխատանքի արդյունքն է:

«Համոզված եմ, որ մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ, այո, ծանր է լինելու, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն կա։ Եվ ամեն մի ժողովրդի չէ, որ Աստված տալիս է այդ հնարավորությունը՝ ինքնամաքրվելու, իսկ մենք պետք է ինքնամաքրվենք. սա է ամենակարևոր բանալին դեպի հուսալի ապագա։ Արտաքին թշնամիներ միշտ կան և նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակները, և եթե ինքնամաքրվենք, կարողանալու ենք ամեն ինչին դիմանալ: Մենք ժամանակ չունենք և պետք է անենք ամեն ինչ պետության և ժողովրդի փրկության համար։ Շատ  կարևոր է, որ այս պահին պետական համակարգը նույնպես աշխատի և չխարխլվի»,- ասաց Դավիթ Բաբայանը։

 Նա նաև շնորհավորեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանին՝ մաղթելով հաջողություններ բոլոր այն ծրագրերում, որոնք կիսատ են մնացել, և որոնք  նա նախատեսել է ապագայում իրականացնել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am