Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Podcast. Պոլսահայ երգչուհի Սիբիլը Թուրքիայում հանդես կգա լայնամասշտաբ համերգային ծրագրով

Podcast. Պոլսահայ երգչուհի Սիբիլը Թուրքիայում հանդես կգա լայնամասշտաբ 
համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Սիբիլը հաճախ է այցելում Հայաստան՝ չկորցնելով կապը հայրենիքի հետ։ Տարբեր առիթներով երգչուհին հանդես է գալիս համերգներով, երկրպագուներին է ներկայացնում իր նոր երգերը, տեսահոլովակները: 2023-ին Սիբիլը կրկին Հայաստանում է:

«Արմենպրես Podcast»-ի շրջանակում փորձել ենք մանրամասներ  պարզել նրա այցի, ստեղծագործական կյանքի ու առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանում Սիբիլն աշխատում է նոր երգի վրա: Այն ռոք ժանրում է: Կատարելու են չորսով, բայց Սիբիլը նախընտրում է չբացել փակագծերն ու չասել, թե ում հետ է երգելու, և թե ինչի մասին է ստեղծագործությունը:

Երգչուհին սեպտեմբերին Հայաստանում ներկայացրեց «Երգն իմ թևերն է» ստեղծագործությունն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այն ավելի ռիթմիկ է, քան Սիբիլի նախորդ երգերը:

MXO_5984.JPG (416 KB)

«Երբ  երգը լսեցին, ասացին, որ ես պետք է հաճախ այդ ժանրում երգեմ: Ե՛վ ես, և՛ հանդիսատեսն այն շատ սիրեցինք: Երգն ինձ համար գրել է Հասմիկ Հախվերդյանը: Սիրով եմ այն կատարել: Հոլովակն էլ նկարահանել ենք Գյումրիում, Գառնիում և Գեղարդում: Այնտեղ Արարատ լեռը ևս երևում է: Շատ էի ուզում, որ այն տեղ գտնի իմ հոլովակում, բայց այդ շրջանում լեռը լավ չէր երևում, սակայն ռեժիսորը կարողացավ գտնել ճիշտ պահն ու այն նկարահանել»,-պատմում է երգչուհին:

Սիբիլի «Լուսի հադիգ» երգը, որը կատարում է Այսենուր Կոլիվարի հետ, 2022-ին ընդգրկվել է Թուրքիայի լավագույն ստեղծագործությունների ցանկում: Սիբիլի խոսքով՝ երգում առաջին անգամ հնչում են արևմտահայերենն ու համշենահայերենը:

«Մենք որոշեցինք համատեղ զուգերգով հանդես գալ ու նոր բան ներկայացնել: Կան արևմտահայերեն երգեր, կան համշենահայերեն երգեր, սակայն չկար երգ, որում այդ երկու լեզուները «հանդիպում» են: Երգով ցանկացանք ցույց տալ, թե որքան նման են այդ լեզուները»,-շեշտում է նա:

MXO_5981.JPG (520 KB)

Հայուհի Սիբիլը ծնվել ու մեծացել է Ստամբուլում, սակայն կարողացել է պահպանել սեփական դեմքն ու դիմագիծը: Նա իր երգերով պատմում է Հայաստանի, նրա  հանդեպ սիրո, անցյալի ու ներկայի մասին:

«Այդ ամենը գալիս է ընտանիքից: Մեր տանը հայերեն էին խոսում, «Մարմարա» և «Ժամանակ» օրաթերթերը պետք է պարտադիր գնվեին: Հայրս ասում էր, որ անհրաժեշտ է կարդալ: Երբ երեխա ես, հարց է ծագում, թե ինչու է ճնշումն այդքան մեծ, բայց հիմա շնորհակալ եմ, որ նրանց շնոհիվ կարողանում եմ խոսել ու կարդալ հայերեն: Ընտանիքը պետք է այդ սերն ու գիտակցությունը սերմանի»,-նշում է Սիբիլը:

Երգչուհին թեև ժամանակ առ ժամանակ Ստամբուլի հանդիսատեսին ներկայանում է համերգներով, սակայն 2023-ի հունվարի 18-ին հանդես կգա լայնամասշտաբ համերգով:

MXO_5975.JPG (495 KB)

«Բեմում 45 հոգի կլինի. կլինի սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ: Հայաստանից հյուրեր կլինեն: Նույն բեմում հանդես կգան երաժիշտ Անդրե Սիմոնյանը, երգչուհի Այսենուր Կոլիվարը և այլք»,-ասում է Սիբիլն ու ընդգծում՝ կհնչեն ինչպես արդեն սիրված, այնպես էլ՝ նոր երգեր:

Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամիս անց երգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]