Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պայմանների խելացի հարմարեցում՝ հաշմանդամություն ունեցողների համար. հունվարի 1-ից գործում է նոր կարգ

Պայմանների խելացի հարմարեցում՝ հաշմանդամություն ունեցողների համար. 
հունվարի 1-ից գործում է նոր կարգ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից հաստատված խելամիտ հարմարեցումների տրամադրման մասին կարգն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Ըստ կարգի, բոլոր այն հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք կլինեն ուսանող կամ աշխատող, կարող են պահանջել խելամիտ հարմարեցումներ կրթական հաստատությունում, աշխատավայրում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նպատակ ունեն ապահովել համապատասխան պայմաններ, որ անձն, անկախ հաշմանդամության տեսակից, կարողանա հավասարապես իրականացնել թե ուսումնական, թե աշխատանքային գործունեության իր գործառույթները:

«Ի՞նչ է պահանջվում հաշմանդամություն ունեցող անձից: Եթե խոսում ենք ուսումնական հաստատությունների մասին, ապա ընդունվողը կամ արդեն սովորող անձն, ունենալով որոշակի կարիքներ, կարող է դիմում ներկայացնել հաստատության ղեկավարին՝ նշելով, որ ունի պայմանների խելամիտ հարմարեցման անհրաժեշտություն: Եվ նա պետք է ներկայացնի, թե ինչպես է դա պատկերացնում: Նույն տիպի դիմումով հաշմանդամություն ունեցող անձը նաև կարող է դիմել գործատուներին: Գործատուն և ուսումնական հաստատությունը պարտավոր են ապահովել պայմանների խելամիտ հարմարեցում: Նոր կարգավորումները պարտադիր են գործատուների ու ուսումնական հաստատությունների ղեկավարների համար»,-ասաց նախարարության մասնագետը:  

Հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանները հարմարեցնելու գործընթացում գործատուներն ու ուսումնական հաստատությունները միայնակ չեն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն տվյալ հարմարեցումները ապահովելու համար:

«Ի՞նչ ենք հասկանում խելամիտ հարմարեցումներ ասելով: Պարզ է, որ խելամիտ հարմարեցումները պետք է լինեն տրամաբանության սահմաններում: Օրինակ, թեքահարթակ, սեղանի համապատասխան բարձրություն, մուտքի ապահովում, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում շարժի անարգել ապահովում, սանհանգույցի պայմանների ապահովում և այլն»,-ասաց Քրիստինա Հովհաննիսյանը:

Եթե գործատուն կամ ուսումնական հաստատության ղեկավարը մերժում է խելամիտ հարմարեցումներ ապահովելու հարցը, ապա այդ մերժումը պետք է լինի հիմնավորված: Եթե մերժումն անգործության հետևանք է, գործատուն կամ ուսումնական հաստատության ղեկավարը ոչինչ չի ձեռնարկում, ապա դա կդիտարկվի վեճ և կլուծվի օրենքով սահմանված կարգով, դատարանով:   

Քրիստինա Հովհաննիսյանն ընդգծեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ ունենան հավասար իրավունք, որպեսզի կարողանան լիարժեք ներգրավված լինել և՛ աշխատաշուկայում, և՛ ուսումնական հաստատություններում, ինչն իրավունքահեն մոտեցում է:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am