1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆիլմերի վերականգնում, փաստագրական նյութերի թվայնացում. կինոկենտրոնի կինոժառանգության բաժինն ամփոփել է տարին

Ֆիլմերի վերականգնում, փաստագրական նյութերի թվայնացում. կինոկենտրոնի 
կինոժառանգության բաժինն ամփոփել է տարին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը 2022-ին լայնածավալ աշխատանք է կատարել. թվայնացրել ու վերականգնել է արժեքավոր կինոնկարներ, աշխատել է ֆիլմերի ստեղծման ուղղությամբ, դարձել է Միջազգային կինոարխիվների ասոցիացիայի (FIAF) անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը նշեց՝ իրենց նպատակն է տեսանելի դարձնել մեր կինոմշակույթն ու ինքնությունը միջազգային հարթակներում:

«Դժվարություններով կարողացել ենք թվայնացնել ու վերականգնել չորս ֆիլմ, ինչը կինոկենտրոնի ամենամեծ ձեռքբերումն է, որովհետև մինչ օրս Հայաստանում տեղային ռեսուրսներով չեն արվել մասնագիտական թվայնացման ու վերականգնման աշխատանքներ, իսկ 2022-ին դա իրականություն է դարձել: Թվայնացվել և վերականգնվել են Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրին», «Տունը հրաբխի վրա» և «Դուստրը» կինոնկարները, ինչպես նաև Ֆրունզե Դովլաթյանի միակ վավերագրական ֆիլմը՝ «Մշակութային կամուրջներ»-ը: Դովլաթյանի ֆիլմը վերականգնվել է «Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ»,-նշեց Գալստյանն ու հավելեց՝ վերականգնվելուց հետո ֆիլմերը ցուցադրվելու են Փարիզի «Ամբողջ աշխարհի հիշողությունը» հեղինակավոր փառատոնում, իսկ ապրիլի 16-ին՝  Հայ կինոյի 100-ամյակի տոնին, մեծ միջոցառում են նախատեսում, որտեղ կներկայացնեն «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» կինոնկարները՝ նոր երաժշտական զուգակցմամբ:

Կամավորների աջակցությամբ մի շարք ֆիլմերի և մուլտֆիլմերի անգլերեն ենթագրեր են պատրաստել: Վիգեն Գալստյանի խոսքով՝ մինչ օրս մեր ֆիլմերի 98 տոկոսը չուներ անգլերեն ենթագրեր, ինչի պատճառով դրանք չէին ցուցադրվում արտերկրում:  Այժմ այդ խնդիրը լուծման փուլում է:

Նա հիշեցրեց, որ 2022-ին բրիտանացի հանդիսատեսին է ներկայացվել Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը «Կինոկլասիկի»  սթրիմինգային հարթակում, ինչպես նաև Լոնդոնում կայացած «Տարածքներ և տեղեր» փառատոնին: Ցուցադրությանն անդրադարձել է The Guardian օրաթերթը: Նույն հարթակներում ցուցադրվել է  նաև Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արև» ֆիլմը:

Կինոժառանգության բաժնի կարևոր գործառույթներից է հայ կինոյի պատմությանն առնչվող փաստագրական նյութերի հավաքագրումը: Կենտրոնին հաջողվել է ձեռք բերել կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի և ռեժիսոր Գենադի Մելքոնյանի անձնական արխիվները, ինչպես նաև հայ անիմացիայի վարպետ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի բջջանկարների մեծածավալ հավաքածուն:

Շարունակվել են նաև կինոկենտրոնում պահվող «Հայֆիլմ» ստուդիայի վարչական արխիվի հարուստ փաստագրական նյութերի թվայնացման աշխատանքները: Ընդհանուր առմամբ հաշվառվել և թվայնացվել  է շուրջ 500 փաստաթուղթ և ավելի քան 1500 լուսանկար, որոնք հաջորդ տարի հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը էլեկտրոնային տեսքով՝ կինոկենտրոնի կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]