Ռուս խաղաղապահների անցակետում արցախցիներին հավաստիացրել են, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեկտեմբերի 24-ին քայլերթով դեպի Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած հարյուրավոր արցախցիները ներկայացրել են իրենց պահանջը՝ ապահովել Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հավաստմամբ՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին:
«Նրանք հավաստիացրին նաև, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք չի կարող լինել»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք՝ նախաձեռնության մասնակիցները, առայժմ հիմք են ընդունել խաղաղապահների ներկայացուցչի հավաստիացումը:
ԼՐԱՑՈՒՄ. Ավելի ուշ Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով եւ նշել, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը զրույցի ընթացքում իրենց հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում, հարցը վերջնական լուծում է ստանալու ճանապարհը պետք է որ բացվի։
Հավանաբար խոսքը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում ծրագրված երևէ հանդիպման մասին է։ ԱՊՀ նիստին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում