Հասարակական

Ադրբեջանի նպատակն Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելն է. Հայաստանի ՄԻՊ-ի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նպատակն Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելն է. Հայաստանի ՄԻՊ-ի  հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.

«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անգամ սկսնակ ուսումնասիրողի համար «ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը։

Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ, աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսիով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։ 120 հազարից ավել խաղաղ ծերեր, կանայք, երեխաներ ու տղամարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։

Էթնիկ ատելությամբ (հայատյացությամբ) բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է ադրբեջանական պետության իշխանությունների կողմից՝ ի հակադրումն միջազգային մարդու իրավունքների, ինչպես նաև այդ պետության կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։

Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին՝ պահանջելով աներկբա դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները»։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում