Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-45/22. Շահնուր, Խոսե Սելա, Սմիթ

«Նոր գիրք»-45/22. Շահնուր, Խոսե Սելա, Սմիթ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
 Շահան Շահնուր, «Նահանջն առանց երգի»

Շահան Շահնուրի (Կ. Պոլիս, 1902, Փարիզ, 1973) «Նահանջն առանց երգի» վեպը նորակազմավոր Սփյուռքի տարեգրության՝ գեղարվեստական ընդհանրացմամբ, հոգևոր ուծացում ապրող հայության վկայություններ ընդգրկող վիպասք է՝ համաժամանակային խորհրդածությունների մղող հարցադրումներով:

Հրատարակության պատրաստել, ծանոթագրե, վերջաբանը գրել է Արթուր Անդրանիկյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն
 Կամիլո Խոսե Սելա, «Պասկալ Դուարտեի ընտանիքը»

«Պասկուալ Դուարտեի ընտանիքը» վեպը (1942) պատմում է Պասկուալ անունով գեղջուկի մասին, որը մահապատժից առաջ գրի է առնում իր կյանքի պատմությունը, ինչը սկզբից մինչև վերջ ցավոտ և սոսկալի խոստովանություն է սեփական սխալների և արյունալի գոյության մասին, որը նա ստիպված է եղել ապրել: Մարդն ի սկզբանե չա՞ր է ծնվում, թե՞ հասարակությունն է նրան այդպիսին դարձնում. ահա Պասկուալի միակ հարցը, որին ընթերցողը պետք է պատասխանի՝ ի վերջո նա զո՞հ է, թե՞ մարդասպան:

Գրաքննադատներից շատերի կարծիքով՝ այս վեպը Իսպանիան ներսից պառակտող հիմնախնդիրների այլաբանական պատկերումն է, և ուրեմն, Պասկուալ Դուարտեի ընտանիքի միջոցով Կամիլո Խոսե Սելան բացահայտում, քննադատում է հետպատերազմյան տարիների ապականված Իսպանիան:

Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն
 «Փողն ու բիզնեսը երեխաների համար»

«Փողն ու բիզնեսը երեխաների համար» գիրքը նախատեսված է երեխաների ֆինանսական գրագիտության զարգացման համար:

Պատկերազարդ ու հետաքրքիր այս գրքի շնորհիվ երեխաները կիմանան, թե ինչպես է առաջացել փողը, ինչպես են աշխատում բանկերը, ինչպես է պետք ճիշտ պլանավորել ծախսերն ու արդյունավետ խնայողություններ անել՝ զերծ մնալով անհարմար իրավիճակներում հայտնվելուց:

Գիրքը կազմել են Քրիստինե Ավետիսյանն ու Հայկ Աջապահյանը, խմբագիր՝ Վահե Ղուկասյան: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն 
 Շոն Սմիթ, «Քիմ. Մերկ ճշմարտություն»

Գրքում հեղինակն անդրադառնում է Քիմ Քարդաշյանի կյանքի բոլոր դրվագներին՝ անկեղծ ու մանրամասն ներկայացնելով աշխարհի ամենահայտնի հայուհու կենսագրությունը, նրա հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունը։ Գրքում կան քիչ հայտնի փաստեր։ Հեղինակը պատմում է Քիմի մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու մասին։ Մանրակրկիտ անդրադարձ կա նաեւ Քիմի հայաստանյան այցին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am