Տնտեսություն

Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը առաջարկում է մեկ սռնու վրա ընկնող բեռնատար մեքենայի բեռնվածքի թույլատրելի շեմը մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցման դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։

«Նախագծով առաջարկվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել պատասխանատվության միջոց։

Հիմնական փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրումներ իրականացնողները տուգանվում էին 200 հազար դրամով։ Նախագծով առաջարկում ենք մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200 հազար դրամի չափով»,- ասաց Դանիելյանը։

Ներկայացնելով վիճակագրությունը, գործադիր մարմնի ներկայացուցիչը պատգամավորների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիմնական իրավախախտումները իրականացվում են 1 տոննայից ավել գերազանցելու դեպքերում, եղել են նույնիսկ մինչև 30-35 տոննա թույլատրելի շեմի գերազանցում։

«Այս պարագայում պրոգրեսիայի կիրառումը ավելի քան անհրաժեշտ է և միանշանակ զսպող կլինի»,- ասաց Դանիելյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում