Հասարակական

Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

2 րոպեի ընթերցում

Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը:

«Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ»,-ասաց նա:

Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում:

«Նախատեսվելու է նաև հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,-հավելեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ բացի ավագանու այս որոշումից, կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում է հրավառությունների ներմուծումը:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին: Նախագծին կողմ արտահայտվեց ավագանու 47 անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում