1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ քահանայապետական Scholas Occurrentes հիմնադրամի կողմից։ Խաղից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, մրցույթի կազմակերպիչներին և նրանց ընտանիքներին։

Նշվում է, որ խաղին մասնակցել են ֆուտբոլային աշխարհում հայտնի անուններ։ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։

Այս անգամ այն յուրահատուկ հարգանքի տուրք է երջանկահիշատակ ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին, ով եղել է «Հանուն խաղաղության» մրցույթի կազմակերպման համակիրներից ու ջատագովներից մեկը։

Ընդունելով ֆուտբոլիստներին, որոնց թվում է եղել նաև Հենրիխ Մխիթարյանը, Հռոմի Պապն ընդգծել է, որ նրանք «խաղաղության փոքր սերմեր են պատերազմի ու կործանման աշխարհի մեջ, որտեղ ամենամեծ ներդրումները զենքերի գործարաններում են լինում»։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնք եկել են տարբեր հեռավոր վայրերից, որպեսզի հանուն խաղաղության մեկ խաղ անցկացնեն։

«Սրանք փոքր քայլեր են, բայց խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,- ասել է Հռոմի Պապը։

Մարզիկները Հռոմի Պապին մոտենալու, նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել՝ նրան հանձնելով զանազան նվերներ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը նրան նվիրել է իր մարզաշապիկը։

Խաղին մասնակցել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Խրիստո Ստոիչկովը, Ռոնալդինյոն, Ջիանլուիջի Բուֆոնը, Նիկոլաս Բուրդիսոն, Մարտին Դեմիչելիսը, Էրիկ Աբիդալը, Դիեգո Պերոտին, Չիրո Իմոբիլեն, Անտոնիո Դի Նատալեն, Իվան Ռակիտիչը, Ֆաբիո Կանավարոն, Բրունո Ալվեշը, Միրոսլավ Քլոզեն, Հուգո Ալմեյդան, Ռոբերտ Պիրեսը, Սեբաստիան Ֆրեյը, Զամբրոտան և այլք։  

 

Հռոմի Պապի հետ հանդիպման վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև Հենրիխ Մխիթարյանը։ 

«Մեծ պատիվ էր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպելն ու աշխարհահռչակ խաղացողների հետ միասին աշխարհում խաղաղություն հաստատելու նրա գլոբալ ջանքերին նպաստելը»,-գրել է Մխիթարյանը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]